Երևանի թիվ 53 մանկապարտեզը կտուգանվի սանիտարահիգիենիկ խախտումների համար
Իրավունք
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել Երևանի 11 մանկապարտեզներում։ Մանկապարտեզներից 10-ում սանիտարահիգիենիկ պայմանների և սննդի որակի հետ կապված որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Խախտումներ են հայտնաբերվել Դեմիրճյան փողոցում գտնվող թիվ 53 մասնավոր մանկապարտեզում։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը, այնտեղ սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին։ «Մանկապարտեզում հայտնաբերվել են ժամկետանց ձվեր, իսկ սննդի համար նախատեսված միսը չի ունեցել անասնաբուժական փորձաքննությունը հավաստող փաստաթուղթ։ Այդ մանկապարտեզին տրվել են հանձնարարականներ՝ առկա խախտումները շտկելու համար, իսկ այժմ որոշվում է, թե ինչպիսի վարչական տուգանքի կենթարկվի այն»,- ասաց Սուքիասյանը։
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է անցկացրել Երևանի 11 մանկապարտեզներում։ Դրանցից մեկը եղել է մասնավոր և 10-ը պետական։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տարվա ընթացքում շարունակելու է ստուգումները Երևանի մանկապարտեզներում։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)