Կառավարությունը կներդնի «չհիմնավորված հարստացման» դեպքերը բացահայտող մեխանիզմներ
Իրավունք
Հայաստանի կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականությունը կիրականացնի կոռուպցիայի դեմ պայքարի նոր վերաիմաստավորված տեսլականի հիման վրա, որը նախ և առաջ միտված է հանրային կառավարման համակարգում բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյայի տեսակի ձևավորման միջոցով կոռուպցիայի մակարդակի ու տարածվածության նվազեցմանը, հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ավելի արդյունավետ և գործուն միջոցների կիրառմանը: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի' մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում:
Նախանշված նպատակին հասնելու գործում ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի գործնականորեն կիրառելի կառուցակարգերի մշակման և ներդրման ուղղությամբ:
Մասնավորապես, կմշակվեն և կներդրվեն «չհիմնավորված հարստացման», շահերի բախման, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների բացահայտումն ու չեզոքացումը, ինչպես նաև էթիկայի կանոններով սահմանված պահանջների խախտման համար ներգործության միջոցների կիրառումն ապահովող գործուն կառուցակարգեր: Կբարելավվի հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց ակտիվների ու շահերի հայտարարագրման (ֆինանսական բացահայտման) համակարգը:
Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը ՀՀ կառավարությունը համարում է կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության միջոցներ սահմանելը և նման վարքագծի դրսևորումներն արդյունավետ քննելը: Կգործարկվեն կոռուպցիոն բնույթի իրավախախտումների քննության արդյունավետությունն ապահովող կառուցակարգեր:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր կլինի հայտարարագրերի չներկայացման, վարքագծի կանոնագրքերի պահանջների' ներառյալ շահերի բախման կանոնների, «չհիմնավորված հարստացման» դեպքերի, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների խախտում թույլ տված հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց նկատմամբ իրավական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկություններ ներկայացնել իրավասու անձանց կամ մարմիններ:
Կոռուպցիայի կանխարգելման գործում ՀՀ կառավարությունը շարունակելու է հանրային կառավարման մարմինների կառուցվածքային և գործառնական բարեփոխումները, կառավարման համակարգի արդիականացման միջազգային լավագույն փորձի հիման վրա շարունակաբար կատարելագործելու է էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարելավելու է հանրային ծառայությունների որակը, բարձրացնելու է իշխանության մարմինների և հանրային ինստիտուտների գործունեության թափանցիկությունը, ընդլայնելու է կառավարման մատչելիությունն ու հաշվետվողականությունը:
Գործադիրը կապահովի բաց տեղեկատվության լիարժեք հասանելիությունը, կայուն կապի ձևավորումը և շարունակական երկխոսությունը քաղաքացիական հասարակության, իշխանության մարմինների ու հանրային ինստիտուտների միջև:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին