ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է 23-րդ նստաշրջանի հռչակագիրը
Աշխարհ
Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ ամառային նստաշրջանի արդյունքներով ընդունվել է հռչակագիր: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ընդունված հռչակագրում ԵԱՀԿ ԽՎ-ն հաստատում է, որ կառույցի առաջնահերթություններին են համարվում տարածաշրջանային երկարաձգված հակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի վրա: Խորհրդարանական վեհաժողովն ընդգծում է Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սահմանների չխախտման և տարածքային ամբողջականության, վեճերի խաղաղ կարգավորման և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների կարևորությունը:
Փաստաթղթում ներկայացված է անհանգստությունը՝ կապված տեղեկատվական և հաղորդակցման միջոցները, մասնավորապես համացանցը և սոցիալական ցանցերը ահաբեկչական նպատակներով օգտագործելու, հանցագործություններ իրականացնելու և դրանց ֆինանսավորելու հետ:
Բաքվի հռչակագրում տեղ է հատկացված նաև ուկրաինական ճգնաժամին, փաստաթուղթն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը: Միաժամանակ կոչ է արվում ԵԱՀԿ անդամ երկրներին տարբեր հարթակներում պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Բաքվի հռչակագրում տեղ են գտել նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են Աֆղանստանի հետ համագործակցությունը, ԵԱՀԿ տարածքում սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը, ներգաղթը, փախստականների և բռնի տեղահանվածների վիճակը, մշակութային ժառանգության պաշտպանությունը և այլն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում