Մերկելն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կվերադառնա Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կկարողանա վերադառնալ Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքին և ափսոսանք է հայտնել, որ ներկայում այդ աշխատանքն ընդհատված է:
«Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը ներկայում սահմանափակված է, դադարեցված է: Ես կրկին կասեմ, որ ցավում եմ դրա համար, որովհետև մենք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, մշտապես կառուցողական մոտեցում էինք ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ, հայտարարում էինք համատեղ աշխատանքի մասին: Եվ երբևիցե կցանկանայինք վերադառնալ այդ հնարավորությանը»,-հուլիսի 2-ին լրագրողներին ասել է Մերկելը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքները:
Ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները Ռուսաստանի հետ դադարեցրել են քաղաքացիական և ռազմական պրակտիկ համագործակցությունը՝ Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի դիրքորոշման և Ղրիմի միացման պատճառով: Հունիսին նախարարները երկարացրել են այդ որոշման գործողությունը: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում դեսպանների ու ավելի բարձր մակարդակով քաղաքական շփումները կշարունակվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում