Փորձաքննությունը մեղսունակ է ճանաչել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Պերմյակովին
Իրավունք
Ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ, մեղսունակ է ճանաչվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
«Հետաքննության հանձնարարությամբ կատարված հոգեբանական փորձաքննությունը մեղսունակ է ճանաչել զինծառայողին: Նա հանցագործությունը կատարելու պահին լիովին գիտակցել է իր գործողությունները»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ փորձաքննությունն անցկացվել է ստացիոնար կարգով, Գյումրիում ռուսական ռազմակայանի տարածքում, որտեղ և հսկողության տակ է պահվում Պերմյակովը: «Փորձագետները հայտնաբերել են որոշակի հոգեկան շեղումներ և խանգարումներ, բայց ընդհանուր առմամբ նա մեղսունակ է ճանաչվել»,- ասել է աղբյուրը:
Նա պարզաբանել է, որ եթե զինծառայողն անմեղսունակ ճանաչվեր, նա օրենքով կազատվեր քրեական պատասխանատվությունից և դատարանի որոշմամբ կարող էր հարկադիր բուժման ուղարկվել հոգեբուժարան:
«Այժմ բոլոր հիմքերը կան նրան վերջնական տեսքով մեղադրանքներ առաջադրելու, ինչպես նաև հետագայում մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Պերմյակովի նկատմամբ դատը բաց ռեժիմով տեղի կունենա Հայաստանում՝ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին