Դատարանը հրապարակեց Գառնու տաճարի նկատմամբ վանդալիզմի գործով վճիռը
Իրավունք
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն (Եղվարդի նստավայրում) այսօր՝ ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն՝ վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839 հազար 390 ՀՀ դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը:
Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26-ին նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակության հուշարձանի՝ «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Վանդալի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից: Քրեական գործով տուժող կողմ էր ճանաչվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Դեպքին հաջորդող օրերին ՊՈԱԿ-ի միջոցներով հուշարձանի վրա կատարված գրառումը մաքրվել էր: Միաժամանակ հանցագործությամբ պատճառված վնասը՝ 839 հազար 390 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջով ՊՈԱԿ-ը հայցադիմում էր ներկայացրել դատարան, որն ամբողջությամբ բավարարվել է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին