Քեյթ Ուինսլեթը բացատրել է, թե ինչու է «Օսկար»-ը պահում լոգասենյակում
Այլ
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Օսկար»-ի արձանիկը, որն ստացել է «Ընթերցողը» ֆիլմի համար, պահում է իր լոգասենյակում, հաղորդում է The New York Post-ը: Նա պարզաբանել է, որ դա արել Է հատուկ իր հյուրերի համար, որոնք կարող են վերցնել պարգեւը եւ իրենց պատկերացնել դրա հանձնման արարողությանը:
«Յուրաքանչյուրը կարող է այն ձեռքը վերցնել եւ, նայելով հայելու մեջ, որեւէ բան ասել՝ ինչպես օրինակ՝ «Շնորհակալություն իմ որդուն եւ հորը…»: Միշտ էլ հասկանալի է, թե ով է այդպես անում, որովհետեւ նրանք լոգասենյակում ավելի երկար են մնում եւ այնտեղից դուրս են գալիս վարդագույն այտերով: Դա զվարճալի է»,-բացատրել Է դերասանուհին:
Ուինսլեթն «Ընթերցողի» համար «Օսկարն» ստացել է «Կնոջ լավագույն դերը» անվանակարգում՝ 2009 թվականին: Ֆիլմի իրադարձություններն ընդգրկում են 40-ամյա ժամակաշրջան՝ 1950-ականներից մինչեւ 1990-ական թվականները: Դերասանուհին խաղացել է անգրագետ գերմանուհու՝ Հաննա Շմիցի դերը, որին ցմահ բանտարկության են դատապարտել այն բանի համար, որ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 300 հրեա կանանց է կորստյան դատապարտել «Օսվենցիմ» ճամբարում վերակացու աշխատելու ժամանակ:
Ուինսլեթը նաեւ հինգ անգամ «Օսկարի» անվանակարգորդ է դարձել «Բանականություն եւ զգացմունք», «Տիտանիկ», «Այրիս», «Զուտ բանականության հավերժ փայլատակումը» եւ «Փոքրիկ երեխաների պես» ժապավենների համար: Մոտ ժամանակներս դերասանուհին կհայտնվի Դեննի Բոյլի «Սթիվ Ջոբս» կենսագրական դրամայում, որը վարձույթ դուրս կգա նոյեմբերի 12-ին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել