Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին
Աշխարհ
Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ռուս սահմանապահների դուրսբերումից և Մոսկվայի հետ հարաբերությունների թուլացումից հետո Հայաստանին կարող են ծանր ժամանակներ սպասվել։ Նրա գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հեռանում է Ռուսաստանից՝ միաժամանակ փորձելով պահպանել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության առավելությունները։
Զատուլինը ենթադրել է, որ ռուս սահմանապահների հեռանալուն ապագայում կարող է հաջորդել նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից հրաժարումը։ Նա կասկածի տակ է դրել Հայաստանի՝ սեփական սահմաններն ինքնուրույն պաշտպանելու հնարավորությունը՝ հիշատակելով 2022 թվականի ադրբեջանական ռազմական ներխուժումը Հայաստանի տարածք։
Ռուս պատգամավորի խոսքով՝ Հայաստանը աշխարհագրորեն շարունակելու է գտնվել Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ, և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կարող է մեծացնել անվտանգության մարտահրավերները։ Նա քննադատել է Փաշինյանի արտաքին քաղաքականությունը՝ այն համարելով Հայաստանի ազգային շահերին հակասող։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր առաջիկա տարիներին Հայաստանի պետական սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական ուժերին փոխանցելու մտադրության մասին։ Կոնկրետ ժամկետ դեռ չի հայտարարվել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար