Ավետիսյանների իրավահաջորդները դատարանում բացահայտումներ են անում Պերմյակովի «սատանիստ» լինելու վերաբերյալ
Իրավունք
Ավետիսյանների իրավահաջորդները դատարանում պնդում են, որ Գյումրիում 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը «սատանիստ» է: Նրանք ռուսական 102-րդ դատարանում ընթացող դատական առաջին նիստում հայտարարեցին, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում 2013թ. «սատանիստների» խումբ է ձևավորվել, և Պերմյակովն անդամակցել է այդ խմբին:
Սպանելով ընտանիքի մի քանի անդամներին՝ Պերմյակովը, փաստաբանների համոզմամբ, իր ««տիրոջն» է «հանձնել» մի քանի տղամարդու և մի քանի կնոջ», որի մասին ավելի վաղ գրություն էր կատարել հիշյալ խմբում: Փաստաբանները պնդում են, որ դա կարևոր հանգամանք է՝ հանցագործության դրդապատճառները հասկանալու համար:
Գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մովսեսյանի վարույթում է: Պերմյակովը դատական նիստերի դահլիճ է բերվել ռուս զինծառայողների ուղեկցությամբ: Նիստը դռնբաց է, մասնակցում են Ավետիսյանների հարազատները: Նիստն սկսվելուց հետո ընդմիջվել է տասը րոպեով, որպեսզի նիստի դահլիճ ուշ ներս մտած Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները հասցնեն տեղավորվել:
Վերսկսվելուց հետո դատավորը ներկայացրել է կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Պերմյակովը ներկայացրել է իր անձնական տվյալներն ու նշել, որ ունի թերի միջնակարգ կրթություն: Դատավորի հարցին, թե նախկինում դատված եղել է, ասաց' ոչ, սակայն չկարողացավ հիշել, որ զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար ռուսական կայազորային դատարանը այս տարվա օգոստոսի 12-ին նրան դատապարտել է 10 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին