«Նոր Հայաստանը» հրապարակել է իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը
Քաղաքական
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակել է իշխանափոխության ճանապարհային քարտեզը: Ճանապարհային քարտեզում երեք կետ է ներառված՝ վարչախմբի հեռացում, անցումային կառավարության ձևավորում և ազատ, արդար արտահերթ ընտրությունների անցկացում:
ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ։ Միավորված ուժերն իրազեկման միջոցով ներգրավում են ժողովրդական լայն զանգվածներին։ Ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում քրեական ռեժիմի պարագլուխներին՝ Ժողովրդի վստահության կառավարություն նշանակելու և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով։ Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը։
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է պետական կառավարման կայունությունը: Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ։
ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Իրավապահ մարմիններն ապահովում են ընտրական գործընթացը՝ խստորեն կանխելով ընտրակաշառքների, ընտրություններին միջամտելու և դրանց վրա ազդելու բոլոր այլ փորձերը։ ԶԼՄ-ներն ազատորեն լուսաբանում են ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին։ Քաղաքացիական հանրությունն ազատորեն վերահսկում է ամբողջ ընտրական գործընթացը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը