Ընտրական օրենսգիրքը կքննարկվի հրատապ ռեժիմով
Քաղաքական
ԱԺ-ում մեկնարկեց արտահերթ նիստի աշխատանքները: Մինչ քննարկումը՝ հաստատվեց նաև օրակարգը, որին կողմ քվեարկեց 76, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 20 պատգամավոր:
Մինչ օրակարգի հաստատումը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կառավարությունն առաջարկել է ԸՕ վերաբերյալ քննարկումները կազմակերպել հրատապ ռեժիմով, ինչը դուր չեկավ հատկապես ՕԵԿ-ականներին:
Մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ հատուկ ցանկի մեջ տեղ գտած Ընտրական օրենսգիրքն օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է: «Ուզում եմ հասկանալ, թե մենք ինչ ունենք շտապելու, որ քսանչորսժամյա ռեժիմով ենք այս հարցը քննարկում: Մենք սա դիտարկում ենք լրջագույն խնդիր և կարծում՝ լավ կլինի, որ այս ԸՕ պետք է հանել այս ռեժիմից»,- հայտարարեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին արձագանքեց, որ այդ որոշումը կայացրել է կառավարությունը և դա որոշված է եղել ի սկզբանե: «Դա որոշվել է հենց սկզբից, երբ օրինագիծը դրվել է շրջանառության մեջ: Օրակարգն հաստատել է կառավարությունը, հետևաբար կառավարության հետ կփորձենք քննարկել»,- ասաց նա:
Միջամտեց նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով իր խոսքում հայտարարեց, որ ԸՕ ներկայացվել է երկարատև քննարկումների արդյունքում, որին, ի դեպ, մասնակցել է նաև ՕԵԿ խմբակցությունը:
«ԸՕ այս նախագծի երկարատև քննարկումներին մասնակցել եք նաև դուք, այնպես որ նախագիծը հրատապ ռեժիմով չի քննարկվում»:
Պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ իր հերթին պնդեց, թե հրատապ ռեժիմով նման նախագծի քննարկումը ճիշտ չէ:
«Մենք գտնում ենք, որ սա աննպատակահարմար է»,- ասաց նա:
Չնայած ՕԵԿ-ի պնդումներին՝ օրակարգը հաստատվեց:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ