Լևոն Զուրաբյանն առաջարկում է ՀԱԿ-ը դարձնել միասնական պլատֆորմ
Քաղաքական
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահեցնում է, որ ընտրական գործընթացը բարելավվելու համաձայնագիրը կնքվել է ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները հրեշտակներ են, այլ գնացել են, որովհետև եղել է լուրջ քաղաքական աշխատանք և ճնշումներ ընդդիմության, հասարակության, միջազգային հանրության կողմից:
«Մենք այս գործելաոճը պետք է շարունակենք, ոչ մի դեպքում մենք չենք կարող մտածել, որ այս քայլով ապահովվում է ազատ ու անաչառ ընտրությունների անցկացումը: Մենք քայլ առ քայլ պետք է գնանք առաջ և Հայաստանում պարտադրենք ազատ ու արդար ընտրություններ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ հույս ունե՞ն, որ այս համաձայնության շրջանակներում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացը բարելավվելու է, Զուրաբյանն հավելեց, որ եթե կան միամիտներ, ովքեր կարծում էին, որ համաձայնագիր ստորագրելով իշխանություններն այսուհետև լինելու են հրեշտակներ, որոնց միակ նպատակն է լինելու Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը, ստիպված է նրանց հիասթափեցնել:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը չբացառեց նաև ընդդիմադիր մյուս ուժերի հետ միանալու, համագործակցելու հնարավորությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: Նրա խոսքով՝ միասնականությունը լավ բան է, բայց դա չպետք է լղոզի կամ բարդացնի ընդդիմության վճռական և արդյունավետ գործելու կարողությունը: Ըստ Զուրաբյանի՝ միասնականության հասնելու երկու տարբերակ կա. մեկն այն է, որ քաղաքական ուժերը միավորվեն, բայց այդ դեպքում պետք է փոխընդունելի լուծում գտնել, իսկ երկրորդ տարբերակն էլ ՀԱԿ-ը միասնական պլատֆորմ դարձնելն է.
«Ինչո՞ւ չէ, մենք տեսնում ենք հենց այս տարբերակը, որտեղ բոլոր քաղաքական ու հասարակական նախաձեռնությունները, առանձին անհատներ կկարողանան իրենց դրսևորել: Այդ միավորումը կարելի է փորձել մեկ կուսակցության շրջանակներում իրագործել: Այս երկու տարբերակներն էլ ընդունելի են ու հետաքրքիր, առաջին տարբերակով կուսակցությունների կոնսուլտացիաներ կարող են տարվել միասնական դաշինք ստեղծելու համար, սակայն այս պահին կոնսուլտացիա չկա, բայց հավանաբար շուտով կսկսենք»,- եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ