Ինքս, ապրիլի 2-ին լինելով Արցախում, հասկացա՝ ինչ է անձնուրա՛ց հայրենասիրությունը. Վաչիկ Գրիգորյան
Քաղաքական
«Միասնություն» համազգային շարժման առաջին համագումարի ժամանակ ելույթով հանդես եկան նաև քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ «Երիտասարդական Համաձայնություն» ՀԿ ղեկավար Վաչիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը ևս մտահոգված է երկրի առջև ծառացած խնդիրներով, և հավելեց, որ ուզում է սեփական լուման ներդնել մեր պետականության կայացան գործում:
«Բացի կուսակցական ձևաչափերից, մեր երկրում չկան աjսօր այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան մեր նման երիտասարդներին ավելի մեծ չափով ներգրավվելու մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին, մասնակցություն ունենալու քաղաքական գործընթացներին, ինչո՞ւ չէ՝ ազդել այդ գործընթացների վրա:
«Միասնություն» համազգային շարժումը հենց այն ձևաչափն է, որտեղ մենք տեսնում ենք մեր ինքնադրսևորման լավագույն հարթակը, մեր շրջապատում, հասարակության մեջ ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Մենք պատրաստ ենք մեր ամբողջ ռեսուրսը ծառայեցնել միասնության և համաձայնության շուրջ համախմբվածների գործունեությանը, «Միասնություն» համազգային շարժման ծավալմանը»,- ասաց նա:
Վաչիկ Գրիգորյանն ընդգծեց նաև, որ բացթողումներն, անշուշտ, շատ են տարբեր ոլորտներում, որոնցից, թերևս, ամենակարևորն ու աններելին համարում են բանակին առնչվող խնդիրները. «Անխոս, ՀՀ ԶՈՒ-ը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, միակ համակարգն է, որը երաշխավորում է մեր երկրի անվտանգությունը, բայց ինչի՞ հաշվին. գաղտնիք չէ՝ առաջնագծում կռվող հայ զինվորի: Ոչ-ոք չի պատկերացնում՝ ինչ ապրումներ են դրանք, երբ ծայրահեղ վախին հաղթում է սերը՝ ընտանիքի և հայրենիքի նկատմամբ: Ինքս, ապրիլի 2-ին լինելով Արցախում, հասկացա՝ ինչ է հայրենասիրությունը, անձնուրա՛ց հայրենասիրությունը: Եթե չլիներ դա՝ չէր լինի նաև Արցախը: Ու այդ օրհասական պահին համակարգում եղած բացթողումների նկատմամբ իշխանությունների անգործությունը ստիպում է մտածել՝ մեր երիտասարդությունը պետության համար միայն թնդանոթի միս է: Բայց առաքելություն պետք է լինի այն, որ ասենք՝ հայրենասեր երիտասարդների միջոցով կարելի է մեր երկրում շատ բաներ փոխել, շատ արատավոր երևույթներ վերացնել»,- ասաց նա:
Ամփոփելով՝ նա պաշտոնապես հայտարարեց, որ իրենք արդեն «Միասնություն» շարժման մաս են կազմում և համոզմունք հայտնեց, որ շարժումը մեծ հաջողություններ է գրանցելու ո՛չ միայն իր գաղափարների ու ծրագրերի շնորհիվ, այլև՝ այն անհատների, ովքեր համախմբվել են այդ գաղափարի շուրջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ