Ապրիլյան պատերազմի հերոսի հայրը հեռուստակամրջի ընթացքում ողջունեց խաղաղապահ առաքելություն իրականացնող մյուս որդուն
Հասարակություն
Ամերիկացի զինծառայողները բարձր են գնահատում հայ խաղաղապահների աշխատանքը: Հայաստանում նոյեմբերի 14-18-ն անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն իրականացնող զինծառայողների եւ հարազատների համար կազմակերպված ավանդական հեռուստակամրջի ընթացքում ասաց ՀՀ-ում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսը:
«Դուք ծառայում եք երկու վայրերում, որտեղ անվտանգության խնդիրները շատ կարեւոր են. գիտեմ, որ այդ մասին պետք է հիշեցնենք նաեւ հայ եւ ամերիկյան հասարակություններին: Ձեր ծառայությունը մարմնավորում է այն լավագույնը, ինչ կա մեր հարաբերություններում: Ուզում եմ նաեւ արժանին մատուցել ձեր ընտանիքներին, ովքեր գնացել են այդ զոհողությանը, քանի որ դուք հեռու եք ձեր ընտանիքներից: Առիթ ունեցա զրուցելու ծնողներից մի քանիսի հետ, եւ ինձ համար պարզ դարձավ, թե նրանք ինչքան շատ են մտածում ձեր մասին եւ կարոտում, միաժամանակ նրանք շատ հպարտ են ձեզնով: Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները նույնպես հպարտ են այն աշխատանքով, որը միասին իրականացնում ենք»,- նշեց դեսպանը:
Միջոցառմանը ներկա հարազատների շարքում նստած էր Արամայիս Երզնկյանը, ով ողջունեց Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող որդուն' Դավիթ Երզնկյանին: Զինծառայողը խաղաղապահ ուժերում ներգրավվել էր անմիջապես ծառայությունից հետո: Հայրը հուզված էր, քանի որ ուրախությանը մեկտեղվել էին կրտսեր որդու մասին հիշողությունները: Արամայիս Երզնկյանը ապրիլին զոհված զինծառայող Մհեր Երզնկյանի հայրն է:
«Միշտ էլ կնոջս հետ հարգել ենք մեր երեխաների որոշումը, ողջունել ենք Դավիթի ցանկությունը ծառայել խաղաղապահ ուժերում: Դավիթն առաջին անգամ է մեկնել այնտեղ առաքելությունն իրականացնելու, դեռ ժամկետային ծառայության ժամանակներից էր սեր առաջացել այս ոլորտի նկատմամբ, ինքը ցանկություն հայտնեց, իր կամքով գնաց: Ամեն օր կամ օրը մեջ խոսում ենք միասին, ասում է, որ խնդիրներ չունի, տրամադրությունը շատ բարձր է»,-ասաց զինծառայողի հայրը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ