Քոքոբելյանը Արցախում չի եղել և որևէ պաշտոնական հանդիպում չի ունեցել. պատգամավորը հերքում է տարածված լուրերը
Քաղաքական
ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հերքում է տարածված տեղեկություններն այն մասին, թե օրերս ինքը եղել է Արցախում և հանդիպումներ ունեցել Արցախի իշխանությունների հետ:
«Որտեղի՞ց են նման տեղեկությունները հայտնվել, եթե նման բան չի եղել: Մենք Արցախում չենք եղել ինչ-որ պատվիրակության կազմով և որևիցե պաշտոնական հանդիպում չենք ունեցել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատգամավորը:
Նա նաև ընդգծեց, որ նման լուրերի տարածումը հատուկ նպատակ է հետապնդում, որով փորձում են ևս մեկ անգամ ցեխ շպրտել ինչպես կուսակցության հեղինակության, այնպես էլ կուսակցության անդամների գործունեության վրա: «Միանշանակ հերքում եմ տարածված տեղեկությունները, քանի որ նման բան չի եղել: Եվ ո՛չ միայն հերքում, այլև պնդում եմ, որ դրանք մտացածին լուրեր են, որով ևս մեկ անգամ ապացուցվում է, որ տարբեր կողմերից տարբեր փորձեր են արվում «Ազատ դեմոկրատներին» կապել այս կամ այն կենտրոնի հետ: Այս տեղեկությունը համարում եմ հերթական չհաջողված փորձերից մեկը»,- հավելեց նա:
Ճշտող հարցին՝ Ձեր ցուցակում հնարավո՞ր է ընդգրկվի մարդ, ով կներկայացնի Արցախի շահերը, պատգամավորը պատասխանեց. «ՀՀ ընտրությունների ժամանակ, ընտրական ցուցակում ընդգրկվող ցանկացած ոք ներկայացնում է ՀՀ ընտրողներին: Իսկ ինչ վերաբերում է Արցախի շահին և ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա պետք է ասեմ, որ այդ հիմնախնդիրը մտահոգում է յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր հայ քաղաքական գործիչ պարտավոր է այդ հարցով զբաղվել»,- ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ առաջիկա ընտրությունները տարբերվելու են նախորդներից և «Ազատ դեմոկրատները» բավականին լուրջ են նախապատրաստվում դրանց, հետևաբար, որոշ աղբյուրներ, հիմնվելով իրենց ոչ հավաստի տեղեկությունների վրա, նպատակ են հետապնդում տապալել կուսակցության ծրագրերը: «Երբ որ տեսնեք «Ազատ դեմոկրատների» մասնակցության ձևաչափը, դուք կհամոզվեք, թե մենք ինչ անակնկալ ենք պատրաստել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ «Ազատ դեմոկրատները» բանակցություններ էր վարում նաև պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ, ի՞նչ արդյունքներ տվեցին այդ բանակցությունները, Խաչատուր Քոքոբելյանը նախ նշեց, որ այս փուլում բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքական գործիչների հետ շարունակվում են, ինչը նորմալ գործընթաց է, ապա հավելեց. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում ընդդիմադիր քաղաքական դաշտում, բանակցություններ ես չէի անվանի: Դրանք կոնսուլտացիաներ են, որոնք այսօր էլ շարունակվում են: Իսկ նման քննարկումներ՝ յուրաքանչյուր օր լինում է: Հենց հիմա էլ նման մի քննարկում էր մեր գրասենյակում: Մենք քննարկում ենք, թե Հայաստանի զարգացումն ով որտեղ է տեսնում: Ես բազմիցս նշել եմ, որ «Ազատ դեմոկրատները» կողմնակից են գաղափարական և սկզբունքային հարցերն առաջ տանելուն և դրանց լուծումները գտնելուն, որին մենք հետամուտ ենք եղել այս տարիների ընթացքում: Այսուհետ ևս մենք հետամուտ ենք լինելու այդ հարցերի լուծմանը, և հենց դրանք են այլ ուժերի և անհատների հետ բանակցություններում մեր առաջ քաշած կարևոր մեխերը: Այսինքն՝ մենք ոչ թե անձնային խնդիրներ ենք քննարկում, այլ գաղափարական մոտեցումներ, որոնք համընկնում են մեր որդեգրած սկզբունքներին»,- ավելացրեց նա:
Խ. Քոքոբելյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում կուսակցությունը լայն ֆորմատով համագումար է հրավիրելու, որտեղ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:
«Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ ասել, որ այս ընտրությունների փիլիսոփայությունն էապես տարբերվելու է նախորդներից, և միայն քաղաքական գործիչների համախմբմամբ՝ խնդիր չեն լուծի: Մենք այս ընտրություններին կմասնակցենք լայն կոնսոլիդացված ցուցակով, որտեղ բավականին հետաքրքիր սուբյեկտներ կլինեն: Ես նաև խնդիր չեմ տեսնում 5 տոկոսի շեմը հաղթահարելու առումով: Այսինքն՝ մենք մեր յուրաքանչյուր քվեի տեղը հստակ գիտենք և սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ