«Նման հայտարարություններ անելը կոռեկտ չէ». ՀՀԿ-ական պատգամավորը՝ սփյուռքի արվեստագետների մասին
Քաղաքական
Սփյուռքի արվեստագետները ստորագրահավաք են նախաձեռնել, որով պատրաստվում են դիտորդական առաքելություն իրականացնել հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ստորագրահավաքին են միացել Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը և այլ սփյուռքահայեր:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն, անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ նշեց, որ որևէ մեկը դեմ չէ, որ սփյուռքահայերը գալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնեն: «Լավ են անում՝ ուզում են դիտորդ լինել: Դա նրանց կամքն ու իրավունքն է: Ցանկացած ոք, ցանկացած կազմակերպություն՝ կարող է առաջիկա համապետական ընտրություններին որպես դիտորդ մասնակցել, այդ թվում նաև՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու մյուսները»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ նրանք կարծում են, թե Հայաստանում ընտրությունները թափանցիկ ու արդար չեն անցնում, պատգամավորը հավելեց. «Ա՛յ այդտեղ՝ նրանք սխալվել են: Երբ որ ընտրությունները դեռևս չի եղել, նման հայտարարություններ անելը կոռեկտ չէ»,- ասաց պատգամավորը:
Հակադարձմանը, որ խոսքը նախկին ընտրությունների մասին է, Գ. Մելիքյանն արձագանքեց, որ նրանք ոչ էլ կարող են նախկին ընտրությունների մասին նման արտահայտություններ անել. «Միջազգային կառույցներն արդեն նախկին ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները տվել են: Եվ նման գնահատականներ տալը խոսում է այն մասին, որ իրենք դեռևս քաղաքականության մեջ նոր են մտնում, և նման գնահատականներ հնչեցնելը ճիշտ չէ: Նրանք չեն կարող որևէ բան ասել, քանի որ տվյալ անձինք ընտրական պրոցեսներին չեն մասնակցել: Ես իրենց շատ եմ հարգում, ընդունում եմ նրանց կողմից նախաձեռնությունը, բայց մերկապարանոց հայտարարությունները տեղին չեն»:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ հայաստանյան իշխանությունները Սփյուռքին դիտարկում են իբրև բանկոմատ և թույլ չեն տալիս խառնվել Հայաստանի ներքին կյանքին, Գագիկ Մելիքյանն այստեղ ևս չհամաձայնեց արվեստագետների հետ, քանի որ նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները միշտ էլ սփյուռքահայությանն ու արցախահայությանը մեծ տեղ են տվել: «Այդպիսի հայտարարությունները ևս իրականությունից բավականին հեռու են և Հայաստանի իշխանությունները երբևէ նման առիթ չեն տվել, որպեսզի մեր սփյուռքահայ բաեկամները նման կերպ մտածեն»,- եզրափակեց պատգամավորը:
Արմինե Եփրեմյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ