ԱԺ պատգամավոր լինելը երազանք չէ
Քաղաքական
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ՔՊ-ի վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը դաշինքի համագումարի իր ելույթում, պատասխանելով այն հարցին, թե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը լինելո՞ւ է «Ելք»-ի ցուցակում, թե ոչ, նշել էր, որ այդ կապակցությամբ զրույցներ են ընթանում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց, որ կոնկրետ իր պարագայում՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ զրուցում են. «Զրուցել կարող ենք հարյուր թեմաներով, ես պատրաստ եմ օգտակար լինել որևէ խնդրի համար: Դրանից ավել՝ ոչինչ չկա: Իսկ անցած երկու շաբաթներին ինչպես ասել եմ, հիմա ևս մնում եմ նույն տեսակետին ու կարգավիճակին: Մնացածը կքննարկվի, եթե լինի առաջարկ», - ասաց նա՝ ավելացնելով՝ զրուցելը մի բան է, բանակցելը՝ այլ բան, առաջարկ անելը՝ մեկ ուրիշ բան:
Ճշտող հարցին՝ բանակցություններ չե՞ն ընթանում, պարոն Պողոսյանն ասաց, որ միայն զրուցում են:
Թևան Պողոսյանը ժամանակին ղեկավարում էր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը, որը հետազոտական, վերլուծական կենտրոն է և այժմ էլ պատրաստվում է շարունակել իր գործունեությունը. «Ես վերադառնալու տեղ ունեմ: Ազգային ժողովի պատգամավոր լինելը միակ երազանքը չէ, որ եթե դա չլինի, կյանքը կրճատվի»,- խոսքը եզրափակեց Թևան Պողոսյանը:
Հավելենք՝ որոշ ժամանակ առաջ Թևան Պողոսյանը հայտարարել էր, որ չի ուզում առաջադրվել: Նշել էր, որ իր համար ամենահետաքրքիրը ծրագիրն է և միայն կոնկրետ ծրագրի դեպքում ինքը կարող է որևէ քաղաքական ուժի հետ բանակցություն սկսել:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին