Քվեարկության օրը լրագրողների գործունեությունը խոչընդոտելու փաստերով հարուցվել են քրգործեր
Իրավունք
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների օրը Երևան քաղաքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի և «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից անմիջապես ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն:
Նշված փաստերով նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ վերջիններս ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կատարելու նպատակով հավատարմագրված լինելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սույն թվականի ապրիլի 2-ին ժամը 11:30-ի սահմաններում նկարահանումներ են կատարել Երևան քաղաքի Ռուսթավելու 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի մոտ, սակայն շտաբի մոտակայքում հավաքված հարևան տների մի խումբ բնակիչներ, խոչընդոտել են նրանց աշխատանքը, թույլ չեն տվել կատարել նկարահանումներ, որի ընթացքւմ վիրավորել և հրելով հեռացրել են շտաբի մուտքի մոտից: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Նշված քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին