«Ապրիլի 9-ը խորհրդանշում է Հայաստանում ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների նոր սկիզբ»
Բլոգոսֆերա
Դավիթ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ֆեյսբուքը հիշեցնում է 2013թ. ապրիլի 9-ի մասին:
2008-ի մարտի 1-ը հիշվում է, իսկ 2013-ի ապրիլի 9-ը՝ ոչ: Ինչու՞: Որովհետև ապրիլի 9-ին զոհեր չեղա՞ն:
Հայաստանի անկախությունից ի վեր ներքաղաքական լարվածության և ճգնաժամերի մի շարք ցավալի իրադարձությունների ենք ականատես եղել, որոնք պատճառ են դարձել զոհերի ու վիրավորների:
2013թ. ապրիլի 9-ին Հայաստանում փակվեց խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելու պրակտիկան և բացվեց նոր էջ, որտեղ քաղաքացին ու ոստիկանը միմյանց այլևս թշնամիներ չէին դիտարկում, ավելին՝ նրանք սկսեցին համատեղ աղոթել: Սա կարևոր շրջադարձ էր: 2013թ. ապրիլի 9-ից հետո ոստիկանությունը այլևս չկրակեց քաղաքացիների վրա: Այդ սկզբունքը պահպանվեց անգամ 2016թ. հուլիսին, երբ Սասնա ծռերը գրավել էին ոստիկանության գունդը: Այդ սկզբունքից շեղում չեղավ նաև 2018թ. ապրիլին՝ կանխորոշելով իշխանափոխության անարյուն ու սահուն իրականացումը:
Ապրիլի 9-ը խորհրդանշում է Հայաստանում ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների նոր սկիզբ, ոստիկանության կերպարանափոխության սկիզբ:
Հիշելով ապրիլի 9-ը՝ անշուշտ պետք է հիշենք այդ օրվա գլխավոր դերակատարին՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ում պաշտոնավարման տարիները ոստիկանության և հասարակության հաշտեցման տարիներ էին. սկսվեցին ցուցարարների հետ ոստիկանների աղոթքով և ավարտվեցին 2018թ. ապրիլին ցուցարարների ու ոստիկանների գրկախառնությամբ …
Պետք է շարունակել ոստիկանության կատարելագործումը, որպեսզի ներքաղաքական ճգնաժամերի ժամանակ ոստիկանությունը շարունակի գործել առավելագույն պրոֆեսիոնալ ձևով՝ զերծ մնալով բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելու պարզ մեթոդներից»,-գրել է նա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան