Ծիծեռնակաբերդի այգին անապատի է վերածվում
Հասարակություն
Ճարտարապետ, հասարակական գործիչ Անհիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ այցելել է Ծիծեռնակաբերդ և նկատել տարածքի եղևնիների և այլ ծառերի վատ վիճակը՝ հիվանդությունները։ Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Անահիտ Թարխանյանի հետ։
-Ի՞նչ խնդիրներ եք արձանագրել Ծիծեռնակաբերդում։
-Ինձ համար շատ ցավալի էր, քանի որ այդ եղևնիները տնկելը, բարձրացնելը մեծ արարողություն է և խորհրդանշում է տարբեր ժողովուրդների, պետությունների կողմից հարգանքը, տուրքը Եղեռնի անմեղ զոհերին։ Կարելի էր ոչինչ չանել, բայց եթե դա արդեն կա, ապա պետք է պահպանվի։ Մենք գիտենք, թե ինչ չափի գումարներ դուրս գրվել Եղեռնի հուշահամալիրի տարածքը բարվոք պահելու համար և այսօր տեսնում ենք բոլորը ծառերը հիվանդ, ասեղիկները թափված։ Ես չեմ կարող ասել, որ դրանք չեն ջրվել, ուղղակի չեն խնամվել։ Կան ծառեր, որոնք նոր են հիվանդանում, եթե դրանց ուշադրություն չդարձնենք, ապա մեկ տարի հետո ոչ մի եղևնի չի մնա։ Դա խայտառակություն կլինի, որովհետև այդ հիվանդություններով վարակվել են նաև անտառի ծառերը։ Նախկին խիտ ծառերի փոխարեն հիմա մի քանի չորացած, փոքր ծառեր ու թփեր են մնացել։ Պետք է ծառատունկ կազմակերպել, խնամել, բուժել, նոր ոռոգման համակարգ մշակել։ Ամոթ է, մենք ամբողջ օրը խոսում ենք Երևանի ալտերնատիվ էներգետիկայի զարգացման մասին։ Կարելի է մի քանի արևային պանելներ դնել, պոմպեր դնել և Հրազդան գետից ջուրը բարձրացնել և ոռոգել։ Եղեռնի հուշահամալիրի տարծքին կից զբոսայգին ոչ միայն հարգանքի դրսևորում է, այլև ապահովում էր մաքուր օդ և թթվածին, հիմա դա էլ ենք վերացնում։ Իմ բարձրացրած խնդիրը բազմաթիվ շերտեր ունի, սկսած բուն Եղեռնի զոհերի և նահատակներին հարգանքից և այգին վերականգնելու և վերակենդանացնելուց։ Պետք է հասկանալ, որ Երևանի բնակիչները ահավոր օդ են շնչում։
-Ո՞վ է Ձեր հրապարակման հասցեատերը և ի՞նչ քայլեր եք նախաձեռնելու խնդրի լուծման համար։
-Մտահոգությունն ուղղված է Երևանի քաղաքապետարանին և ավագանուն։ Դեռևս միայն հրապարակային եմ գրել, բայց հնարավոր է, որ դիմում ներկայացնենք քաղաքապետարան։ Դեռևս մշակված քայլեր չունենք։ Կանաչապատ գոտիների բացակայությունը մեծագույն խնդիր է Երևանի բնակիչների համար և մասնագետները առաջինը պետք է բարձրացնեն նման խնդիրները և լուծումներ առաջարկեն։
Ասպրամ Փարսադանյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան