Մամուլի ձեռքերը հասնում են ամենուր. Արտակ Զեյնալյան
Քաղաքական
«Այո՛, մեր երկրում կան լրջագույն խնդիրներ, որոնք և օրենսդրական կարգավորումների կարիք ունեն` խոշտանգումների կանխարգելման նպատակով և իրավակիրառական պրակտիկայով»,-այս մասին Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Անդրադառնալով խոշտանգումների միջոցով մարդկանցից ցուցմունք կորզելու հանգամանքին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ հիմա դա համատարած բնույթ չի կրում և երբ ինքը հրապարակել է Եվրոպական դատարանի առաջին վճիռները, որոնք կայացված են եղել Հայաստանի դեմ` արձանագրված փաստերով, դրանք այսօրվա երիտասարդ իրավապաշտպանների մոտ զարմանք են առաջացրել:
Նրա խոսքով` զարմացել են, որ Հայաստանում, մասնավորապես, ոստիկանական բաժանմունքներում նման իրավիճակ է եղել: «Արդարադատության նախարարությունը շուտով հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի բացարձակ արգելք հանդիսացող այդ իրավունքը իրականում երաշխավորված և ապահովված լինի: Դա մշտապես կատարելագործվող ոլորտ է, և նաև միջազգային իրավունքում մշտապես նոր լուծումներ են գտնվում»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով այսօրվա Հայաստանի ոստիկանական բաժանմունքներում բռնության հնարավոր մեթոդներով ցուցմունք կորզելուն, արդարադատության նախարարը նշեց. «Մենք այդպիսի դեպքեր շատ վաղուց չենք արձանագրել, հիմա ոստիկանության աշխատակիցները շատ թափանցիկ են աշխատում, մամուլի ձեռքերը հասնում են ամենուր: Շատ դեպքերում նաև ոստիկանությունում կատարվող աշխատանքները տեղի են ունենում առցանց, ինչն ապահովում է հասարակական վերահսկողություն, և դա չենք կարող հերքել»,-ասաց Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ խոշտանգումները թեև քրեականացված են, բայց ձևակերպումների հետ կապված մենք կատարելագործման կարիք ունենք, որպեսզի համապատասխանեցնենք ՄԱԿ-ի կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)