Հնարավոր է՝ Սասուն Խաչատրյանին անպաշտոն թողնեն
Քաղաքական
Երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ արդեն կա հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցիոն մարմին։ Մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում։ Այդ մարմնի ստեղծման անհրաժեշտության և ՀՔԾ-ն լուծարելու մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։
-Ի՞նչ է իրենից ենթադրում ՀՔԾ-ի լուծարումը և նոր կառույցի ստեղծումը։
-Երկար տարիներ քննարկվել է այս հարցը նաև ընդդիմության կողմից, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կարելի է տալ նախաքննական գործառույթներ: Այդ դեպքում արդեն անիմաստ է մեկ այլ նախաքննական մարմին ունենալը։ Փոփոխություններով պայմանավորված հնարավոր է ՀՔԾ-ի քննիչները ուղղակի տեղափոխվեն մեկ այլ կառույցի մեջ, սա բոլորիս որոշելիքն է։ Պետք է հասկանանք, որ մեթոդներն են ավելի արդյունավետ։ Հիշում եմ, որ ՀՔԾ-ի ժամանակ էլ քննարկումներ կային, թե ինչ կարիք կա Քննչական կոմիտեի ստեղծման։
Մենք ունենք 4 քննչական մարմին՝ ՊԵԿ-ում, ԱԱԾ-ում, ՀՔԿ-ն և ՀՔԾ-ն, բազմաթիվ անգամներ քննարկվել են, թե ինչի համար են այս 4 կառույցները: Առաջարկվում էր, որ դրանցից մեկ-երկուսը միացվեն ՀՔԿ-ին։ Հիմա նույն քննարկումներն են ՀՔԾ-ի մասով։ Սակայն, կա նաև հակառակ կարծիքը, որ մենք կունենանք սուպեր կառույց, որը իր մեջ կներառի քննչական բոլոր գործառույթները։ Այսպես փորձ է արվում պահել բալանսը, այնպես որ այս ամենը քննարկման փուլում է։ Եթե քննարկվի և հասկանանք, որ ՀՔԾ-ն անհրաժեշտ չէ, ապա այն կլուծարվի, այս պահին ոչինչ հստակեցված չէ։
-Հակակոռուպցիոն մարմինն ավելի՞ շատ լիազորություններ է ունենալու։
-Անկախ նրանից, թե քննիչը որտեղ է աշխատում նա տառացիորեն նույն գործառույթն է իրականացնում և ունի նույն լիազորությունները։ Այսինքն լիազորությունները նույն են մնալու, եթե նույնիս նրանք տեղափոխվեն հակակոռուպցիոն մարմին։ Եթե խոսենք արդյունավետությունից, ըստ էության, դա էլ է քննարկումների առարկա, կա տեսակետների բախում։ Սա նույնպես ավելի շատ մասնագիտական որոշում է, քան՝ քաղաքական։ Տարբեր երկրներում տարբեր մոդելներ են ընտրված, բայց մեծամասնության մոտ, կարծես թե, կա այն մոդելը, որը մենք ենք ուզում ներդնել, այսինքն կառույցը լինի և՛ կանխարգելիչ, և՛ նախաքննություն իրականացնող։
- Խոսվում է նաև Սասուն Խաչատրյանի՝ պաշտոնը կորցնելու մասին։ Հնարավո՞ր է, որ նրան տեսնենք հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում, թե նա կկորցնի իր պաշտոնը։
-Բարդ բան եք ասում, չեմ կարող ասել։ Նախ պետք է հասկանալ, թե այդ հակակոռուպցիոն մարմնի անդամները ինչ չափանիշներով են ընտրվելու և միքուցե այդ չափորոշիչներին չհամապատասխանի Սասուն Խաչատրյանը։ Ինչ վերաբերվում է պաշտոն կորցնելուն՝ նորմալ երևույթ է: Եթե նա ղեկավարում է մի կառույց, որը հնարավոր է լուծարվի, ապա նաև դա է հնարավոր։ Նախկին իշխանության տրամաբանությունը՝ «այ էս մեր կադրը մնում է անգործ, մի բան անենք», սկզբունքն ինձ համար անընդունելի է։
Ասպրամ Փարսադանյան


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)