«WCIT 2019»-ի բացման համերգին առանց Վահան Արծրունու արտոնության օգտագործվել է նրա երաժշտությունը
Հասարակություն
Երգահան Վահան Արծրունին իր ֆեյսբուքյան էջում վրդովմունքն էր արտահայտել «WCIT 2019»-ի բացման համերգի ժամանակ առանց իր արտոնության իր երաժշտությունը օգտագործելու վերաբերյալ։ Խոսքը երգահանի մաշտոցյան մշակումների շարքի մասին է, որից համերգի ժամանակ հատված էր օգտագործվել: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում երգահան Վահան Արծրունին նշեց, որ շարքը հրատարակվել է 2011 թվականին, իսկ մի քանի ամիս առաջ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախաձեռնության 30-ամյակի կապակցությամբ դարձել է միջոցառման պաշտոնական ալբոմը, որով վերջինս շարունակում է հանգանակություն հավաքել աղետի գոտու՝ Գյումրու երաժշտական դպրոցի համար։ Արդեն 3 ամիս է այդ ալբոմի համաշխարհային դիստրիբյուտորը «Apple Music» ընկերությունն է։
Նրա խոսքով՝ համերգի միայն հաջորդ օրն է համացանցում տեսել, որ օգտագործվել է իր երաժշտությունը, ինչը հեղինակային իրավունքի անտեսում և ոտնահարում է համարում. «Խնդիրն այն է, որ շարականի օգտագործման մասին կազմակերպիչներն ինձ տեղյակ չէին պահել, եթե դիմեին՝ անվարձահատույց կտրամադրեի երաժշտությունը»,- ասաց Արծրունին։
Երգահանը նշեց՝ որոշել էր ընթացք տալ գործընթացին, սակայն չի անի, քանի որ ստացել է իրեն բավարարող պատասխանը. ««Մեցցո փրոդաքշն»-ի տնօրեն Կամո Մովսիսյանը հրապարակային ներողություն է խնդրել՝ անփութություն թույլ տալու համար։ Քանի որ ես ճանաչում եմ Կամո Մովսիսյանին և իրենց ընկերությանը բարձր եմ գնահատում, կարծում եմ, որ թեման սպառվել է և ինձ բավարարող պատասխանը ստացել եմ»,- նշեց նա։
Ըստ նրա՝ նման դեպքերը համատարած են և չկա նախադեպ, երբ մեր երկրում պաշտպանվել են հեղինակային իրավունքները. «Այս միջադեպն ապացույցն է այն բանի, որ Հայաստանում պետական մակարդակով անտեսված է հեղինակային իրավունքը, քանի որ ՏՏ միջոցառմանը ներկա էր նաև երկրի ղեկավարությունը: 30 տարի է մեր հայրենիքում առկա են այսպիսի դեպքեր, բազմաթիվ երաժիշտների ստեղծագործություններ օգտագործվում են առանց հղումների և համաձայնեցնելու: Պարզապես մեր երկրում իրավագիտական և դատական համակարգը դեռևս պատրաստ չէ նման խնդիրներին կարևորություն տալու»,- նշեց նա՝ ընդգծելով, որ դա է պատճառը, որ դրանց մասին բարձրաձայնվում է, բայց լուծում չի լինում:
Արծրունու կարծիքով՝ սա այն միջադեպն է, որը և՛ հեղինակների, և՛ կազմակերպիչների ուշադրությունը պետք է գրավի, համապատասխան ատյանները պարտավոր են վերահսկել դաշտն ու օրենքի գործածումը մեր երկրում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն