Նախապատրաստվում ենք միջազգային հեղինակավոր մրցույթների. Յանա Գրիգորյան
Հասարակություն
Բազմաթիվ միջազգային գեղեցկության մրցույթների տնօրեն, «Գեղեցկության, տաղանդի և նորաձևության համաշխարհային ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Յանա Գրիգորյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց կայանալիք մրցույթների, Հայաստանը ներկայացնող մեր մասնակիցների, սպասվող նորաձևության մեծ շոուի, մոդելային միջազգային ակադեմիա բացելու հետագա պլանների և այլ կարևոր հարցերի մասին: Նա նշեց նաև՝ առաջիկայում հանդես կգան մամուլի մեծ ասուլիսով, որի ընթացքում մանրամասն կներկայացնեն աշխարհի տարբեր երկրներում կայանալիք գեղեցկության մի շարք միջազգային մրցույթների մասին, որտեղ իրենց մասնակցությունն են ունենալու հայ մոդելները:
- Յանա, կներկայացնեք, թե ի՞նչ գործունեություն եք ծավալում և ինչո՞վ է զբաղվում Ձեր հասարակական կազմակերպությունը:
- Իմ գործունեությունը բազմաբնույթ է և իմ օրինակից ելնելով կարող եմ փաստել, որ սիրով, հաճույքով ու ջանասիրաբար աշխատելու շնորհիվ կարելի է հասցնել անել ամեն բան և հաջողություններ ունենալ տարբեր ոլորտներում էլ: Մեր ՀԿ-ն զբաղվում է բազամաթիվ միջազգային գեղեցկության մրցույթների կազմակերպմամբ և քասթինգներով։ 2 տարվա ընթացքում համագործակցում ենք Ասիական 16-20 բավականին հեղինակավոր մրցույթների հետ։ Ընտրել եմ մի քանի մոդել և զբաղվում եմ նրանց պրոդյուսերական աշխատանքներով՝ Հայաստանում և արտերկրում։ Հանդես եմ գալիս նաև որպես երգչուհի. երգը դարձել է իմ կյանքի անբաժանելի մասը: Շուրջ 1 տարի է, ինչ հանդիսանում եմ հնդկական հայտնի ամսագրի՝ The Lifestyle Journalist-ի պրոդյուսերը: Ի դեպ, ամսագրի շապիկին արդեն իսկ հայտնվել են Miss Earth 2018-ի հաղթողը և Miss Supermodel Worldwide 2018-ը:
Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց այս ոլորտում չեմ աշխատում:
- Առաջիկայում հայ մոդելները մասնակցելու են գեղեցկության մի շարք միջազգային մրցույթների, որոնք անցկացվելու են աշխարհի տարբեր երկրներում: Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ մրցույթներ են դրանք:
- Թե՛ նախորդ, թե՛ այս տարի գեղեցկության միջազգային մրցույթների հետ կապված բավականին ծավալուն աշխատանք է տարվել: Առաջխաղացումն, ինչ խոսք, նկատելի է: Արդեն պայմանագրեր ունեմ Miss International և Miss Grand International մրցույթների հետ: Miss International-ը համարվում է աշխարհի 4 լավագույն մրցույթներից մեկը, ունի նույն ռեյթինգը, ինչ Miss Earth-ը, Միսս Աշխարհը, Միսս Տիեզերքը, իսկ Miss Grand International հեղինակավոր մրցույթը կանցկացվի Վենեսուելայում: Այժմ նախապատրաստական շատ մեծ աշխատանքներ են տարվում՝ կապված բոլոր մրցույթների հետ: Առջևում կան 13 միջազգային մրցույթներ՝ Չինաստանում, Ճապոնիայում, Ֆիլիպինններում, Մալազիայում, Հնդկաստանում, Եգիպտոսում:
Այս տարվա մրցույթները ոչ միայն մոդելային ուղղվածության գեղեցկության մրցույթներ են, այլև ուղղված են տուրիզմի զարգացմանը: Այս տարի կլինի գեղեցկության և տաղանդի միջազգային մեծ մրցույթ՝ Miss Supertalent, որը կանցկացվի Եվրոպայում, կլինի մեծ շրջագայություն եվրոպական 36 քաղաքներում: Այս տարի գործունեությունս ընդլայնել եմ և փորձում եմ ավելի մեծ ներդրում անել այս ուղղությամբ: Նշեմ նաև, որ այս տարի որպես ժյուրիի անդամ պետք է հանդես գայի Միսս Կոսմոպոլիտան մրցույթում, որը տեղի կունենա Մալազիայում:
Բացի Հայաստանի ներկայացուցիչներից՝ ունեմ 6 երկրների ներկայացուցիչներ, ովքեր պատվով կներկայացնեն իրենց երկրները: Այսինքն՝ փորձում եմ ավելի ծավալուն աշխատանք տանել, որպեսզի հետագայում հանդես գամ ոչ թե որպես մրցույթի ազգային տնօրեն, այլ միջազգային տնօրեն: Բացի դրանից՝ ընտրել եմ մի քանի հայ մոդելների, ում հետ կաշխատեմ, կզբաղվեմ նրանց պրոդյուսինգով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Ինձ համար պատիվ է, որ կարողանում եմ Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնել արտերկրում, միջազգային բեմերում:
- Գիտեմ, որ Ձեր ծրագրերում կա նորաձևության մեծ շոու անցկացնել: Ե՞րբ տեղի կունենա և ի՞նչ է սպասվում դրա ժամանակ:
- Նախապատրաստական և կազմակերպչական բուռն աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի հասցնենք կամ տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին իրականացնել պլանավորած նորաձևության մեծ շոուն: Դրա ժամանակ կներկայանան իմ 20 տիտղոսակիր մոդելներն, ովքեր Հայաստանը ներկայացրել են գեղեցկության տարբեր միջազգային մրցույթներում: Կներկայացնենք հայկական արտադրանք, ազգային հագուստներ, երեկոյան զգեստներ, լողազգեստ և սպորտային հագուստ:
- Գեղեցկության մրցույթների ժամանակ մասնակիցները հաճախ են բողոքում անարդարություններից, ժյուրիի անդամների ոչ անաչառ վերաբերմունքից: Նմանատիպ դեպքերի առնչվե՞լ են մեր մասնակիցները:
- Բնականաբար նման դեպքերն անխուսափելի են, քանի որ տարբեր մրցույթների ենք մասնակցում և, իհարկե, շատ դեպքերում ենք հանդիպել անարդարության: Բայց ուզում եմ հատկապես առանձնացնել Miss Supermodel Worldwide մրցույթը, որոնց հետ արդեն 2 տարի է համագործակցում եմ և նման բան չեմ նկատել: Հանդես եմ եկել նաև որպես ժյուրիի անդամ և համոզվել եմ՝ ամեն բան իսկապես արդար է։ Այս առումով կցանկանամ շնորհակալություն հայտնել Սանդիպ Կումարին, ով այս մրցույթի կազմակերպիչն է և աչքի է ընկնում իր օբյեկտիվությամբ։ Նրա կողմից կազմակերպած 2 մրցույթին էլ մասնակցել են մեր 2 մոդելները և վերադարձել տիտղոսներով: Էդգար Կարապետյանը մասնակցել է Mistr Model մրցույթին, իսկ Անաստասիա Վիվտաշը անցած տարի Հայաստանը ներկայացրել է Miss Supermodel Worldwide մրցույթում։
Ժյուրիի կազմում ընդգրկվելու երկու առաջարկ էի ստացել. մեկը Մակաոյում կայանալիք World Noble Queen մրցույթի կազմակերպիչների կողմից, բայց այն կազմակերպչական խնդիրների պատճառով տեղափոխվեց հաջորդ տարի։ Մյուսը՝ Մալազիայում Miss Cosmopolitan World մրցույթից, սակայն ժյուրիի կազմում հրաժարվեցի ընդգրկվել, քանի որ այստեղ ծավալուն աշխատանք եմ կատարում, որոշեցի չբացակայել երկրից։
- Ի՞նչ պլաններ ունեք ապագայի հետ կապված:
- Ցանկանում եմ ընդլայնել իմ գործունեության շրջանակները: Մասնավորապես, ես և «Սերգեյ Զվերև» գեղեցկության ակադեմիայի հիմնադիր Ռոկսաննա Առաքելյանը որոշել ենք սկսել նոր նախագիծ՝ մոդելային միջազգային ակադեմիա: Մեզ մոտ մոդելները կպատրաստվեն, մենք պայմանագրեր կկնքենք ասիական և եվրոպական երկրների հետ և մեր մոդելներին կուղարկենք պայմանագրային աշխատանքի որպես մոդելներ, ֆոտոմոդելներ: Պլանավորում ենք մասնակցել նաև տարբեր էկոնախագծերի, քանի որ ինձ համար շատ կարևոր է, որ նրանք ներգրավված լինեն հասարակական տարբեր աշխատանքներում, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր տեղը կարողանա գտնել այս կյանքում: Ուզում եմ, որ նրանք բացի գեղեցկության մրցույթներից, զբաղվեն հասարակությանը պիտանի աշխատանքով:
- Մոդելային և առհասարակ նմանատիպ ոլորտում կարևոր է ունենալ հովանավորներ, որոնց աջակցությունը մեծ դերակատարություն ունի առաջընթացի համար: Ովքե՞ր են Ձեր գործընկերները:
- Հայաստանում շատ հայտնի կազմակերպություններ կան, որոնք իրենց ավանդն են ունեցել համագործակցության շրջանակներում: Հատկապես ուզում եմ ընդգծել VBET ընկերությունը, որը, որպես գլխավոր հովանավոր, ապահովել է մեր ներկայացուցչի մասնակցությունը սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 29-ը Ֆիլիպիններում կայանալիք Miss Earth 2019 գեղեցկության մրցույթին: Մեծ շնորհակալություն եմ հայտնում VBET-ի մարքեթինգային բաժնի թիմին, քանի որ նրանք շատ են ինձ օգնել և դեռ շարունակում են աջակցել բոլոր հարցերում: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել BetConstruct-ի հիմնադիր Վիգեն Բադալյանին: Առանձնահատուկ շնորհակալություն՝ ռուսաստանաբնակ գործարար, հասարակական գործիչ և բարերար Աբրահամ Հովեյանին, ում շնորհիվ մեր հայրենակից Սոնա Դանիելյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր Miss International մրցույթում, որը տեղի կունենա Ճապոնիայում (Աբրահամ Հովեյանը Tyumentel առաջատար շինարարական ընկերության հիմնադիր-տնօրենն է): Աջակցության և օգնության համար հատուկ շնորհակալություն՝ Գաբրիել Ջեմբերջյանին և Կարպիս Թիթիզյանին:
- Հայկական ֆեյշն-ինդուստրիայում զարգացման միտումներ կա՞ն։
- Ես, անշուշտ, հետևում եմ հայաստանյան նորաձևությանը և գտնում եմ, որ այդ առումով ունենք բավականին մեծ առաջընթաց: Համեմատած նախորդ տարիների հետ մարդիկ գնալով ավելի ճաշակով ու ճիշտ են սկսում հագնվել: Ինձ համար ողջունելի և ուրախալի է այն փաստը, որ հատկապես երիտասարդությունը սկսել է համարձակ հագնվել և փողոցում տեսնում ենք ոչ թե սևազգեստների, այլ բազմագույն համադրություններով հագնված մարդկանց:
- Ձեր թույլտվությամբ անցնենք փոքր-ինչ անձնական հարցերի: Ձեր ֆեյսբուքյան էջում կան բաց և ազատ ոճի նկարներ: Հնարավո՞ր է մի օր արևմտյան մոդելների օրինակով Ձեզ ևս տեսնենք ամբողջությամբ մերկ, թե ամեն դեպքում հայկական մտածելակերպը կհաղթի:
- Չեմ կարծում, թե իմ նկարները չափից անկեղծ են: Սակայն, եթե մարդկանց մոտ նման տպավորություն է ստեղծվել, ապա հանգիստ եմ ընդունում նրանց տեսակետը: Այդ առումով չունեմ բարդույթներ, ապրում եմ այնպես, ինչպես ինձ դուր է գալիս: Գտնում եմ, որ պետք է ազնիվ և անկեղծ լինել թե՛ ինքդ քեզ հետ, թե՛ դիմացինների: Ամբողջովին դժվար թե մերկանամ, սակայն այդ ժանրը ինձ դուր է գալիս, եթե այն չի անցնում գռեհիկության սահմանը: Ես գնահատում եմ գեղեցիկն ու արվեստը:
- Երբեմն լինում են մրցույթներ, որտեղ անընդունելի են համարվում պլաստիկ վիրաբուժությունները: Ինչպե՞ս եք վերաբերում դրանց և արդյո՞ք որևէ պլաստիկ վիրահատության դիմել եք կամ կցանկանայի՞ք ձևափոխել Ձեր մարմնի որևէ մասը:
- Ես մշտապես նշել եմ, որ դեմ եմ վիրաբուժական միջամտություններին, համենայն դեպս երիտասարդ տարիքում: Նախընտրում եմ բնական գեղեցկությունն ու խնամվածությունը: Իմ կարծիքով, դեմքի և մարմնի գեղեցկությունը կարելի է պահպանել առանց վիրահատության՝ հատուկ վարժությունների և խնամքի միջոցով: Ինձ դուր չի գալիս միանմանությունը. ուռեցված շուրթեր, կրծքեր և այլև: Ես ցանկություն չունեմ որևէ բան փոխելու, քանի որ նախևառաջ ինձ դուր է գալիս լինել այնպիսին, ինչպիսին կամ:
Ստորև ներկայացնում ենք միջազգային հեղինակավոր մրցույթներում Հայաստանի ներկայացուցիչների անունները.
Beauty Pageants Miss Supertalent-Նաիրա Գրիգ
Miss Asia Pacific International-Անահիտ Լազյան (ավարտվել է)
Miss Earth- Հռիփսիմե (Ռիփփի) Սարգսյան (կավարտվի հոկտեմբերի26-ին)
Miss International-Սոնա Դանիելյան (հոկտեմբերի 25-նոյեմբերի 12)
Mister Glam International-Էդո Կարապետյան (նոյեմբերի 24-30)
Man of the Globe International-Աշոտ Կարապետյան (փետրվարին)
Miss Tourism World-Ալինա Աղեկյան (ավարտվել է)
Miss Cosmopolitan World-Աննա Սարգսյան (ընթացքի մեջ է)
Face of Beauty International-Փրեննի Դավթյան (նոյեմբերի 7-17)
Mister Model Worldwide-Վոլոդյան Գաբրիելյան (դեկտեմբերի 16-23)
Miss Grand International-Լիլի Սարգսյան (ընթացքում է)


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)