Նախարարը Ողջի գետը հոսքաջրեր լցվելու համար մեղավոր է համարում պղնձամոլիբդենային գործարանին
Հասարակություն
Ողջի գետը լցված հոսքաջրերը եղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից, այլ ոչ թե անմիջապես պոչամբարից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է: Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է պատիժների այն չափը, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն ու կներկայացնեն: Խողովակի անցքը փակված է, կարծում եմ՝ էլ չի հոսում: Աղտոտման ծավալները և վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է իրականացնի վարույթի շրջանակներում ու հաշվարկի գործող օրենսդրության»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված: Նրա խոսքով՝ ներկայումս իրենք վերանայում են այդ համակարգը:
«Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ ու դրանով փակվել է: Այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով անցնում է և հասնում Արծվանիկի պոչամբար: Գուցե ընթացիկ վերանորոգումներ լինում են, բայց պարբերաբար այսպիսի վթարներ լինում են: Իհարկե, մեղավորությունը գործարանինն է»,- ասաց նախարարը:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակի աղտոտված է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը խողովակաշարի վնասված հատվածը վերականգնվել է:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ են վերցրել:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն