Ես համոզված եմ, որ մարդիկ պատասխանատվություն են կրելու այս ապօրինի գործողությունների համար․ Լևոն Քոչարյան
Քաղաքական
Այն ինչ կատարվում է, շատ պարզ է, սա անօրինականություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Նա եկել էր աջակցելու կալանավորված Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին։
«Այն ինչ կատարվում է, շատ պարզ է, սա անօրինականություն է, քանի որ քաղաքական հայացքների համար են կալանավորել նրանց։ Առնվազն այս դեպքով, մենք տեսնում ենք երկակի ստանդարտը, որը կիրառվեց։ Ասում են՝ արդարադատությանը խոչընդոտել են, դա ուղղակի շատ մեծ աբսուրդ է։ Ի՞նչ արդարադատության խոչընդոտելու մասին կարող է խոսք լինել, եթե մոտենում են, հարց են տալիս, ամեն ինչը լայվ նկարվում է, չեն վիրավում, այլ վարչապետի խոսքն են կրկնում։ Մյուս կողմից արդարադատության խոչընդոտում չի որակվում այն, որ երբ սեպտեմբերի 16-ին դատավորը խորհրդակցական սենյակում էր, եւ պետք է հաջորդ օրը որոշում կայացներ՝ հորս խափանման միջոցը փոխելու՝ ՍԴ-ի որոշման հիման վրա, փաստորեն, դատավորը լինելով խորհրդակցական սենյակում՝ երկրի առաջին դեմքերը, ի դեմս՝ վարչապետի, ԱԺ նախագահի որակում են տալիս ՍԴ-ի որոշմանը՝ որն ապօրինի է, դա էր արդարադատության խոչընդոտումը, եթե այդ ամեն ինչին որակում չի տրվում, չհաշված մնացած դեպքերը, երբ դատարաններ էին արգելափակում հորս ազատ արձակելուց հետո, դատավորի էին հրել-գցել»,- ասաց Լեւոն Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանում դատավորների 2 տեսակ կա, որն ակնհայտ երեւում է.
«Պարզ տեսնում ենք, որ կոնկրետ նպատակ կա, այն դատավորը, ով իրենց հաճո է, իրենց համար լավ որոշում է կայացնում, իրեն ասել են՝ բոլոր ապօրինություններին կարող ես դիմել, ամեն ինչ անել, մենք քո մեջքին կկանգնենք։ Մյուս դատավորները, ովքեր չեն ենթարկվում իրենց, եւ իրենց ուզած որոշումը չեն կայացնում, իրենց հանդեպ ամեն ինչ թույլատրվում է, նրանց լիազորությունները կասեցնում են։ Այդ ապօրինությունները ինչ-որ մարդկանց սրտով է։ Ապօրինությունները շատ ակնհայտ են, շատ պարզ ու պրիմիտիվ են գործում մարդիկ, ես համոզված եմ, որ նրանք պատասխանատվություն են կրելու այս գործողությունների համար»։
Հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Նա այսօր տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, լավ է, վիրահատությունը նորմալ է»։
Լևոն Քոչարյանը նշեց, որ ուրբաթ օրն է տեսակցել հորը, նրա մոտ ամեն ինչ նորմալ էր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն