Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռումինիայի արքայազնին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։
Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն ու մշակույթը հասարակությունն առաջ մղող հիմնական գործոններն են։ Արքայազնը խոսել է Ռումինիայում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերի մասին՝ ընդգծելով, որ մեր երկրների միջև պատմական ընդհանրություններ կան, որոնք կարող են ավելի ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու համար և ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու ճանապարհին Հայաստանի համար առաջնահերթություն է կրթական համակարգի բարեփոխումը, և ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու այն բոլոր ասպարեզներում, որոնք կծառայեն այդ նպատակին։ Նախարարը նաև նշել է, որ Ռումինիան Եվրոպական միության հետ սերտ համագործակցության դարպասներից մեկը կարող է դառնալ։
Արքայազն Ռադուն նշել է, որ արտերկրում կրթություն ստացող ուսանողներն իրենց երկրի յուրօրինակ դեսպաններն են և պատրաստակամություն է հայտնել խորացնել գործակցությունը հենց բարձրագույն կրթության և գիտության ոլորտում։ Նա ընդգծել է, որ կրթական ու մշակութային կապերի ամրապնդումն անխուսափելիորեն կհանգեցնի նաև տնտեսական համագործակցության զարգացմանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru