Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցերի շուրջ. Լավրով
Քաղաքական
ԵԱՀԿ քարտուղարության աջակցությամբ Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցելությունների շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով, որ երկխոսության դրական արդյունքի վերաբերյալ հույսերը պահպանվում են:
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործունեությանը մերձդնեստրյան կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պայմանավորվածություններ փնտրելու հարցում»,-ասել է Լավրովը՝ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին։
ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ապրիլին Մոսկվայում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
«Այն ժամանակ շատ լավ հանդիպում է տեղի ունեցել, կենդանի և անկեղծ քննարկում, որի արդյունքներով մի շարք մարդասիրական միջոցառումների իրականացման հեռանկար է ձևավորվել, որոնք կարող են ամրապնդել հակամարտության կարգավորման քաղաքական երկխոսության հեռանկարային հնարավոր մոտեցումները»,-շեշտել է Լավրովը։
«Ներկա պահին ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ երկխոսություն է ընթանում հակամարտության կողմերի միջև Ադրբեջանից և Հայաստանից լրագրողների փոխադարձ այցելությունների մասին։ Հույս կա։ Թեև կալանավորված անձանց հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ, մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն