«Նպաստավոր պայմաններում որոշ թփեր անգամ իրենց ծառ են զգում». Շաքե Իսայան
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց խորհրդարանը: Բանն այն է, որ երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները, որոնք Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն են ունեցել, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել են: Սրան հետևեց իշխանական թևի ներկայացուցիչների կոշտ արձագանքը:
«Յուրաքանչյուրը, ով հետևել է ԱԺ-ի աշխատանքին ուղիղ եթերով, ապա նրա համար պարզ է, որ որոշակի պահից սկսած իշխանական խմբակցության որոշ պատգամավորներ կորցրեցին ադեկվատության և քաղաքական բարեկրթության սահմանը և սկսեցին անել հայտարարություններ, որոնք դուրս էին կոռեկտության սահմաններից: Մեզ այլ բան անել չէր մնում, քան մեր քաղաքական բոյկոտով ու նախազգուշացնող քայլով իշխանական խմբակցությանն ու քաղաքական մեծամասնությանը հասկացնել, որ պետք է վերադառնալ կառուցողական դաշտ, որովհետև ձևավորված մթնոլորտը կապ չունի հանդուրժողականության հետ և չի տեղավորվում թավշյա տրամադրության մեջ: ԱԺ-ի վերջին նստաշրջանն է, անկախ նրանից՝ կունենանք արտահերթ նստաշրջան, թե ոչ, այնուամենայնիվ հուսով ենք՝ առաջիկայում նրանք կվերադառնան ադեկվատության, կոռեկտության և ինչպես իրենք են սիրում ասել՝ հանդուրժողականության դաշտ և կշարունակենք աշխատանքները»,- ասաց Իսայանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ Իսայանը նշեց, որ նա, ըստ երևույթին, հաստատեց Գագիկ Ծառուկյանի կողմից արված հայտարարությունը. «Այո՛, ես մնում եմ այն համոզմանը, որ քաղաքապետը փաստացի վիժեցրել է պոտենցիալ ներդրումը և որքան էլ փորձենք շեղվել թեմայից, միևնույն է՝ սա է մերկ իրականությունը: Բառախաղը աճպարարություն է, այս դեպքում՝ թագաժառանգ, թագաժառանգի ներկայացուցիչ, թագավորական ընտանիքի անդամ և այլն, այս բառերը, եթե փորձենք բուն գործընթացի շղարշից առանձնացնել, մնալու է միայն չոր փաստը, այն է՝ պետություն-մասնավոր գործընկերության չստացված երկխոսության մոդել»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ մեկ պատուհանի սկզբունքի անհրաժեշտության մասին իրենց խմբակցության պատգամավորները բազմիցս բարձրաձայնել են և Միքայել Մելքումյանի կողմից էլ օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, սակայն մերժվեց, որի հետևանքն էլ հայտնի դեպքն է. «Որքան էլ, ըստ նպատակահարմարության նենգափոխեն պարոն Ծառուկյանի ներկայացրած իրողությունը, միևնույն է՝ խնդիրը մնում է անփոփոխ ու հրատապ. պետություն-մասնավոր հատված ինստիտուցիոնալացման մոդելի բացակայություն: Եթե այդպես լիներ, ապա ոչ մի պաշտոնյա իր քիմքին համապատասխան լուծումներ չէր տա ներդրումների գործընթացներին: Այս ամենի բացակայության դեպքում պարզ է, որ ամեն ինչ մնում է սիմպատիա և անտիպատիա ոչ պրոֆեսիոնալ թեզիսի շրջանակներում»:
Պատգամավորը դիմեց խորհրդարանական այն գործընկերներին, որոնք սոցցանցերում, հարցազրույցներում ասում են, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն են վիրավորական արտահայտություններ հնչեցրել, ինչից հետո իրենք սկսել են արձագանքել. «ԱԺ-ի աշխատանքներն ուղիղ եթերով ներկայացվում են: Թե՛ երեկ, թե՛ այսօր մեր խմբակցության որևէ ներկայացուցիչ վիրավորական արտահայտություն չի արել, մինչ այն պահը, երբ որոշ գործընկերներ փորձում են հունից հանել: Ասում են՝ նպաստավոր պայմաններում որոշ թփեր անգամ իրենց ծառ են զգում: Կարծում եմ՝ այս մեկ նախադասությունը ներկայացնում է իշխող խմբակցության որոշ պատգամավորների պահվածքը»,- եզրափակեց Շաքե Իսայանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն