Գեղարքունիքում ձմեռային զորակոչն ընթանում է տոնախմբություններով
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Գավառի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառ քաղաքի եւ տարածաշրջանի համայնքների նորակոչիկները:
Նրանց հանդիսավոր պայմաններում բանակ ճանապարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի տարածքի համայնքապետարանների, զինկոմիսարիատի աշխատակիցներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, փոխգնդապետ Բենիկ Սարգսյանը:
Հայոց բանակի նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր զավակներին բանակ ճանապարհելու միջոցառումը մեզ համար արդեն դարձել է ավանդական տոն, և շատ ուրախալի է, որ մեր զավակները բանակ են մեկնում բարձր տրամադրությամբ, երգով ու պարով, ժպիտներով: Անշուշտ, այստեղ մեծ է ծնողներիդ դերը, որ կարողացել եք արժանիորեն դաստիարակել ձեր զավակներին, նրանց մեծացրել հայրենասիրական ոգով: Ուզում եմ հավատացնել ձեզ, որ ձեր զավակները ծառայելու են բարվոք ու անվտանգ պայմաններում, մինչեւ տուն վերադառնալը գտնվելու են հուսալի ձեռքերում: Իսկ նորակոչիկներին հորդորում եմ՝ հարգել ու սիրել միմյանց, հեռու մնալ միջանձնային հարաբերություններ պարզելուց, տղայական հաշիվներ մաքրելուց: Այդ դեպքում դուք մեր բանակը կդարձնեք ավելի կուռ ու միասնական, անպարտ ու հզոր»,-միջոցառման մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետը:
Այնուհետ միջոցառումը շարունակվեց Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ նորակոչիկները ստացան Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի օրհնությունը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա