«Ժողովուրդ»․ Պատգամավորները գաղտնի հանդիպել են Գարեգին Բ-ի հետ
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպման թեման գլխավորապես եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հրապարակված կրթական նոր չափորոշիչները, որոնց ընդունման պարագայում Հայ եկեղեցու պատմություն առարկան այլեւս առանձին չի դասավանդվելու, այլ միացվելու է Հայոց պատմություն առարկային, որը նաեւ դժգոհությունների պատճառ է դարձել: Մեր տեղեկություններով՝ այս նոր որոշումը դժգոհություն է առաջացրել հատկապես հոգեւորականների շրջանում, որոնք այդ մասին բարձրաձայնել են եւ չեն թաքցրել, որ պայքարելու են Հայ եկեղեցու պատմություն առարկային առանձին կարգավիճակ տալու համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս հանգամանքն է պատճառ դարձել, որպեսզի մի քանի պատգամավորների՝ Մակունցի գլխավորությամբ, «գործուղեն» Գարեգին Բ-ի մոտ՝ վերջիններիս տրամադրությունները հասկանալու, նրանց հետ բանակցելու համար: Եվ ուշագրավ է, որ իշխանական ուժի պատգամավորներն ամեն կերպ ցանկանում են թաքցնել Գարեգին Բ-ի հետ հանդիպման տեղեկությունը եւ որեւէ մեկնաբանություն չեն տալիս»: