«Հրապարակ». ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի՞ն
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու արդեն իսկ ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին: «Թեկնածուն լուրջ պառակտում է մտցրել իմքայլականների մեջ, որոնք ամեն ինչ անում են, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը չեղարկվի։
ՀԱԿ, իրավապահ շրջանակները եւս դժգոհ են, հիմնական վեճն այն չէ, որ առանց մրցույթի է թեկնածուն առաջադրվել, այլ՝ ներկայացված անձի անցյալն ու «ծագումնաբանությունը»։ Ամեն ինչ որոշելու է Նիկոլը, նրա կարծիքը դեռ չգիտենք։
Խնդիրը բարդ է նրանով, որ 3 դատավոր մեկ օրում պետք է ընտրվեն, այնպես որ՝ մինչ պառլամենտի սեպտեմբերյան նիստը հարցը պետք է լուծված լինի»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
ՀՀ նախագահին հարց ուղղեցինք՝ ինքը նույնպե՞ս պատրաստվում է առանց մրցույթի առաջադրել ՍԴ դատավորի իր թեկնածուին․ հիշենք, որ դեռ 2 տարի առաջ Արմեն Սարգսյանն առանց մրցույթի առաջադրեց թեկնածուին, այդ թվում՝ Վահե Գրիգորյանին։ Նախագահականից պատասխանեցին․ «Հանրապետության նախագահն ԱԺ-ին ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրի մինչեւ ս․թ․ օգոստոսի 27-ը»: Մրցույթո՞վ, առանց մրցույթի՞, հնարավո՞ր է Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը․ հարցերը թողեցին անպատասխան»: