Թրամփը խոստացել է իշխանության կանոնավոր փոխանցում իրականացնել
Համաշխարհային ՄամուլԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության փոխանցումը նորընտիր նախագահ դեմոկրատ Ջո Բայդենին՝ չնայած այն բանին, որ Թրամփն ինքը համաձայն չէ երկրում անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքների հետ:
Ինչպես հայտնի է, Կապիտոլիումում անկարգությունների և Վաշինգտոնում պարետային ժամ մտցնելու ֆոնին Կոնգրեսը հաստատեց Բայդենի ընտրվելը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում:
«Չնայած այն հանգամանքին, որ ես լիովին համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, և փաստերն իմ օգտին են, այնուամենայնիվ, հունվարի 20-ին տեղի է ունենալու իշխանության կանոնավոր փոխանցում», - Թրամփի խոսքերը Թվիթերի իր էջում մեջբերել է նրա օգնական Դան Սկավինոն։ Թրամփը հավելել է, որ «չնայած դրանով ավարտվում է նախագահության պատմության մեջ իր առաջին ժամկետը, սա միայն Ամերիկան կրկին հզոր դարձնելու պայքարի սկիզբն է»: