Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին
ՎրաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին:
Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել է վերջինիս գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք բարեփոխումները և քայլերը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման, մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման, մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը` շեշտելով աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը: