Իշխանափոխության հնարավոր է հասնել՝ նույնիսկ անտարբեր հասարակության պայմաններում, մենք դա անելո՛ւ ենք․ Հայկ Մարտիրոսյան
Քաղաքական
«Ազգային-Ժողովրդավարական Բևեռը» (ԱԺԲ) այսօր հայտարարություն տարածեց, միաժամանակ հրապարակելով վարչապետի՝ իրենց թեկնածուի անունը՝ Վարուժան Ավետիսյան։ Ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական այս ուժի որոշումը, արդյո՞ք այդ հայտարարությունը քաղաքական աշնանն ընդառաջ պայքարի յուրահատուկ մեկնարկ է ազդարարում։
«Սա յուրատեսակ մեկնարկ չէ։ Սա ընդհանրապես մեկնարկ չէ։ Եվ ոչ էլ մեզ համար երբևէ եղել է կամ կա քաղաքական աշուն, քաղաքական ձմեռ կամ անգամ գարուն և ամառ։ Մենք մշտապես ակտիվ պայքարի մեջ ենք և այլ ուժերի պես չենք առաջնորդվում սեզոնային հաշվարկներով, որոնք իրենց հերթին թելադրվում են դրսից` Մոսկվայից կամ Անկարայից։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը վերանում է որպես պետություն և հայ ժողովուրդը բնաջնջման փուլ է մտել։ Այդպիսի իրավիճակում իրական պայքարը չի կարող կանգ առնել։ Եվ մենք չենք կանգնում»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Ազգային-Ժողովրդավարական Բևեռի» խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։
Անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի թեկնածության հայտարարելուն, մեր զրուցակիցը նշեց՝ դա պայմանավորված է նրանով, որ առաջացել էր անհրաժեշտություն արդեն հայտարարել, թե ով է ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն այն ազգային, անցումային կառավարությունում, որ մենք կազմելու։
«Մենք պատրաստվում ենք այն ճակատագրական պահին, երբ աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունքում Հայաստանում հնարավոր կլինի ունենալով այսպիսի անտարբեր, քնած և սեփական երկրի ճակատագրով չզբաղվող հասարակություն` այնուամենայնիվ իրականացնել իշխանափոխություն։ Կամ` իսկական`ո՛չ կեղծ, խորքային հեղափոխություն։ Մենք դա անելու ենք»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի ճակատագրին, օրեցօր արձանագրվող բազմաշերտ կորուստներին, Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ այդ ամենը հնարավոր է կանխել միայն մի ճանապարհով` իշխանության բերելով ազգային ուժերին, որպիսին Բևեռն է, ազատվելով գաղութարարի լծից և նոր` կենսունակ դաշնակցություն հիմնելով Արևմուտքի հետ։
«Սեփական ուժերով հարցը լուծելու մասին քարոզելը թշնամական դիվերսիոն գործունեություն է, որովհետև մարդկանց ներշնչում են գեղեցիկ հույսեր և թեզեր, որոնք մղում են անգործության և հույս տալիս թե այսպես մնալով էլ մի բան հնարավոր է անել»,- նշեց քաղաքական գործիչը և հավելեց, որ Հայաստանի ոչնչացման գործընթացը կարող է կանգնեցնել միայն Բևեռը։
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)