Սլավոնականի կողմից տրվելիք դիպլոմների օրինականությունը վտանգված է
ՀասարակությունԿրքերը Սլավոնական համալսարանում չեն հանդարտվում: Ուսանողների հետ պարտադրված հանդիպման ժամանակ Դարբինյանը հստակեցրեց, որ այլեւս չի լինելու համալսարանի ռեկտոր՝ վերջինից բխող հետեւանքներով: Այդ հետեւանքներից ուսանողների համար ամենից անհանգստացնողն այս տարի տրվելիք ավարտական դիպլոմների օրինականության ճակատագիրն է: Բանն այն է, որ Համալսարանում չի կարող լինել օրինական ճանապարհով նշանակված ռեկտորի պաշտոնակատար, քանի որ այն նախատեսված չէ Հիմնադիր փաստաթղթերով՝ ով պարտավոր է ստորագրել ավարտական բոլոր փաստաթղթերը:
Այս մասին հայտարարել է ՌԴ բարձրագույն կրթության եւ գիտության փոխնախարարը, սակայն Համալսարանում շշուկներ են պտտվում, որ, չնայած իրավական արգելքներին, ռուսական Հիմնադիրը պարտադրում է անօրինական՝ Հիմնադիր փաստաթղթերով չնախատեսված, պաշտոնակատարի նշանակումը: Այս հանգամանքն առաջացրել է ավարտական կուրսերի ուսանողների եւ նրանց ծնողների զայրույթը, ամենօրյա ռեժիմով ծնողները զանգում են Համալսարան, որպեսզի պարզեն իրենց երեխաների դիպլոմների ճակատագիրը: Մտահոգված ծնողներին որեւէ մեկը չի կարողանում հոդաբաշխ պատասխան տալ. Համալսարանում չգիտեն Հիմնադիրների վերջնական որոշման մասին:
Այս մասին տեղեկանում ենք aravot.am կայքից: