Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը չի մասնակցել Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներին»․ Sputnik
ՀայաստանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ընթացող «ճշգրտումներին»։ Այդ մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Պատասխանում ասվում է, որ այս պահին փոխհամաձայնեցման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ ախշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի նախագիծը։
«Այս պահին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա», – հայտնել են գրասենյակից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գյուղի տարածքում ճշգրտման ենթակա 12-կիլոմետրանոց գծից խնդրահարույց է համարվել 5-կիլոմետրանոց հատվածը։ Սակայն հերթական ճշգրտումներից հետո տարածքը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։