Պաշտպանի աջակցությամբ Օշականի ընթերցողները կշարունակեն օգտվել միակ գրադարանից
ՀասարակությունՔաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը Օշական գյուղում գտնվող միակ գրադարանը Աշտարակ քաղաք չտեղափոխելու հարցում։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ դիմումատուի՝ գրադարանը տեղափոխելու դեպքում կխախտվեն այնտեղ գրանցաված շուրջ 650 ընթերցողների իրավունքները, քանի որ գրադարանից օգտվելը նրանց համար չի լինի հասանելի և կառաջացնի լրացուցիչ անհարմարություններ։
Բարձրացված հարցի առնչությամբ գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։
Պատասխան գրություններով պարզաբանվել է, որ Պաշտպանի կողմից բարձրացված հարցը քննարկվել է Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի հետ, ինչպես նաև Աշտարակ համայնքի ավագանու նիստում։
Արդյունքում որոշում է կայացվել գրադարանը չտեղափոխել։ Ավելին, համայնքի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում` Օշականում, կնշանակվեն գրադարանավարներ, որոնք կապահովեն գրադարանների բնականոն աշխատանքը։