Հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցած 12 տրանսպորտային միջոց
ՀասարակությունՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարժական կշեռքներով վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով բեռնափոխադրում իրականացնող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Ըստ այդմ՝ տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները դիտարկումների և վերահսկողության արդյունքում հայտնաբերել են ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցած 12 տրանսպորտային միջոց։
Դրանցից 9-ը թույլատրելի 32-40 տոննա առավելագույն զանգվածը գերազանցել է 15-27 տոննայով, 2-ը գերազանցել է 1-ից 9 տոննայով։
Դիտարկված մեկ տրանսպորտային միջոց կատարել է թույլատրելի առավելագույն 40 տոննան ավելի քան 57 տոննա զանգվածով գերազանցած բեռնափոխադրում։
Հայտնաբերված իրավախախտ տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ մինչև մեկ տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:
Տեսչական մարմինը հանրապետության ամբողջ տարածքում շարունակելու է անշարժ և շարժական կշեռքներով բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ վերահսկողական աշխատանքները։