Հայաստանը ռազմատեխնիկական հագեցվածության պակասը Ֆրանսիայի հե՞տ կլրացնի
ՀասարակությունՀայաստանն ու Ֆրանսիան բարեկամական ոգով շարունակում են քննարկել ռազմական համագործակցության նախագծերը, ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ը գրառման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանի հետ․
«Հայաստանը Ֆրանսիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրել է դեռևս 2010 թ. փետրվարի 10-ին։ 2010 թ-ին նույնպես Ռուսաստանը համարվում էր ՀՀ-ի ռազմավարական դաշնակից գործընկերը։
Ռուսաստանը Հայաստանի ռազմական համագործակցություններին պետք է համերաշխ վերաբերվի, որովհետև հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանը խնդիր ունի ռազմատեխնիկական հագեցվածության պակասը լրացնելու, որը պատերազմի ժամանակ կորցրել է»։
Վահագն Սարոյանը տեսակետ հայտնեց, թե հաշվի առնելով հետպատերազմյան ժամանակահատվածը և զինված ուժերի սպառազինության զարգացման օրհասականությունը, պետք է ասել, որ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները ռազմական տեխնիկայի ձեռքբերման և ռազմատեխնիկական համագործակցված զարգացման վրա, բայց դա չպետք է լինի միայն թղթի վրա, կամ տարբեր հարթակներում հայտարարությունների մակարդակում, այլ պետք է լինի իրական հողի վրա:
Ըստ նրա՝ կարևոր է նաև ոչ միայն սպառազինության և ռազմատեխնիկայի ձեռքբերումը, այլ համապատասխան կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, ինչպես նաև կիրառական մարզումները տարբեր վարժանքներում մոբիլություն և գործողությունների ճշգրտություն ապահովելու համար։