Ավստրալիայում 8 սմ երկարությամբ կենդանի որդ է հայտնաբերվել կնոջ ուղեղում
ԱյլԱվստրալիայում նյարդավիրաբույժ, բժիշկ Հարի Պրիյա Բանդին իր 64-ամյա պացիենտից 8 սմ երկարությամբ կենդանի որդ է հեռացրել։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքում տեղադրված հոդվածում։
Նոր Հարավային Ուելսից (Ավստրալիա) մի կին առաջին անգամ այցելել է տեղի հիվանդանոց 2021 թվականի հունվարի վերջին երեք շաբաթ որովայնի ցավից և փորլուծությունից հետո, որն ուղեկցվում էր մշտական չոր հազով, ջերմությամբ և գիշերային քրտնարտադրությամբ:
Մինչև 2022 թվականը նրա ախտանիշները ներառում էին նաև մոռացկոտություն և դեպրեսիա: Այնուհետև նա հոսպիտալացվել է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի հիվանդանոցներից մեկում։ Ուղեղի տոմոգրաֆիան ցույց է տվել աջ ճակատային բլթի վնասվածք:
2022 թվականի հունիսին նա ենթարկվել է բաց կենսազննման։ Բժիշկները հայտնաբերել և հեռացրել են 8 սմ երկարությամբ, 1 մմ տրամագծով կենդանի և շարժվող Ophidascaris robertsi մակաբույծ։