Պետռեգիստրի գործակալությունը «հայտնաբերել» է 1 տոննա կոկաինի գործով անցնող ընկերության կալանավորված տնօրենին․ «Հետք»
ՀասարակությունHetq.am-ը գրում է.
«Օգոստոսի 24-ին Hetq-ը գրել էր, որ Պետռեգիստրի գործակալությունը կասեցրել է 1 տոննա կոկաինի գործով անցնող, Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանի դեմ հարուցված վարչական վարույթը։
Վարույթը հարուցվել էր այն բանից հետո, երբ լրատվամիջոցը պարզել էր, որ Միհրան Պողոսյանի հայտարարությունը և «Մրգենի» ՍՊԸ-ի ներկայացրած իրական շահառուների (ԻՇ) մասին հայտարարագիրը հակասում են իրար։ Այսպես, Միհրան Պողոսյանը տեսանյութում պնդել էր, որ ընկերության իրական շահառուն և սեփականատերը ինքն է։ Սակայն, ըստ ընկերության հայտարարագրի, «Մրգենի» ՍՊԸ-ի ԻՇ-ն Լևոն Աթաջանյանն էր։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին կայքը հարցրել էր՝ նախարարությունն այս հայտարարության վերաբերյալ որևէ վարույթ նախաձեռնե՞լ էր, որևէ ստուգում իրականացրե՞լ էր, թե՞ ոչ։ Հարցմանն ի պատասխան Պետռեգիստրի գործակալությունից տեղեկացրել են վարչական վարույթ հարուցելու մասին։
Վարույթի շրջանակներում գործակալությունը պետք է պարզեր՝ արդյոք «Մրգենի» ՍՊԸ-ն անզգուշությամբ էր սխալ ներկայացրել ԻՇ հայտարարագիրը, թե՞ կեղծ տվյալներ էր ներկայացրել։
Գործակալությունը վարույթը հարուցելուց մոտ մեկ ամիս անց այն կասեցրել էր, քանի որ չէր հայտնաբերել կալանավորված Լևոն Աթաջանյանին։
Hetq-ը նշել էր, որ վարույթի կասեցման պատճառը առնվազն տարօրինակ էր, քանի որ Աթաջանյանը մայիսից մինչև հիմա կալանավորված էր։
«Հետքի» այս հրապարակումից օրեր անց՝ օգոստոսի 29-ին, Պետռեգիստրի գործակալությունից գրություն է ստացվել։
«Պետական ռեգիստրի գործակալության կողմից արդեն գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, որով Պետական ռեգիստրի գործակալությունը խնդրել է ապահովել վարչական իրավախախտման վարույթ հարուցելու մասին որոշման և վարչական իրավախախտման արձանագրության կազմման նպատակով ծանուցագրի հանձնումը Լևոն Աթաջանյանին։ Վերջինիս կողմից համապատասխան փաստաթղթերը պատշաճ ստանալու մասին փաստաթուղթը Պետական ռեգիստրի գործակալություն մուտքագրվելու օրվանից վարչական իրավախախտման վարույթը կվերսկսվի»,- ասված է գրությունում։
Փաստորեն, գործակալությունը մտադիր է վերսկսել վարչական վարույթը, որը մեկ ամսվա ընթացքում հասցրել էր հարուցել այնուհետև կասեցնել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։