Արմավիրի բաժնի ծառայողների հակաթմրամոլային պայքարի երկու դրվագ
ՀասարակությունՈստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու կից շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրանյութ:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ նոյեմբերի 20-ին զննություն կատարվեց տղամարդու տանը: Հետնամասում հայտնաբերվեց մետաղյա տարա` լցված կանեփանման զանգվածով, որի քաշը ավելի քան երեք կիլոգրամ էր: Նույն զանգվածից, տարբեր քաշերի ու տարբեր տարաներում և փաթեթներում, հայտնաբերվեցին նաև այլ տեղերում: Ընդհանուր հայտնաբերվեց մոտ չորսուկես կիլոգրամ զանգված:
Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփից պատրաստված թմրանյութ է` անձնական օգտագործման համար:
Նույն բովանդակությամբ մի տեղեկություն էլ ստացան Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները: Այս դեպքում էլ տեղեկությունը հաստատվեց, ու նախաձեռնվեց քրեական վարույթ:
Նոյեմբերի 21-ին զննություն կատարվեց Նալբանդյան գյուղում, 46-ամյա տղամարդու տանն ու կից կառույցներում: Բակում, գետնափոր շինության առաստաղում հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, որի քաշը 35 գրամ էր: Նույն զանգվածից հայտնաբերվեց նաև ապակե տարաներում:
Ընդհանուր քաշը կազմեց մոտ մեկ կիլոգրամ: Այս դեպքում ևս տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփից պատրաստած թմրանյութ է` անձնական օգտագործման համար:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: