Կատուն վերադարձել է տերերի մոտ՝ անհետանալուց 11 տարի անց
ԱյլԱնգլիայում կատուն վերադարձել է ընտանիք՝ անհետանալուց 11 տարի անց, գրում է Independent-ը։ Կատվի տերերը կենդանու հետ վերամիավորումն անվանել են ամանորյա նվեր:
Կատուն՝ Թոբին, անհետացել էր 2012 թվականին, երբ Ալանների ընտանիքը տեղափոխվել էր նոր տուն։ Դրանից հետո ընտանի կենդանու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր, մինչև որ մի կին գտել էր նրան տիրոջ տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Նա Թոբիին հանձնել էր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանը: Այնտեղ ընտանի կենդանուն հետազոտել էին, և տերերի տվյալներով միկրոչիպ գտել։ Դրանից հետո կամավորները զանգահարել են կատվի տիրոջը՝ Ժյուսթինին և հայտնել նրան բարի լուրը։
Կինը պատմել է, որ իր կրտսեր որդին՝ Չարլին, ամենաշատն է ուրախանում Թոբիի վերադարձով։
«Նա Չարլիի կատուն էր: Տղաս կատու էր ուզում, երբ ութ տարեկան էր, իսկ Թոբիին նրան նվիրեցինք, երբ 12 տարեկան դարձավ»,- մեկնաբանել է բրիտանուհին։
Ժյուսթինը հավելել է, որ այժմ իրենց տանը շուն է ապրում, սակայն հույս ունի, որ ընտանի կենդանիներն ընկերներ կդառնան։