ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը
ՀասարակությունԱզգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը, համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
«Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Հաշվի առնելով այն, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից, անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի վարչապետը՝ նկատի ունենալով Ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագիծը համարվել է անհետաձգելի և կուղարկվի Ազգային ժողով։