Վիրտուալ տարածքում սկսված վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՀասարակությունՆոյեմբերի 28-ին «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.30-ին ոմն Մհեր եղբոր և ընկերների հետ գնացել են 19-ամյա երիտասարդի աշխատավայրի՝ Կոմիտասի պողոտայի սուպերմարկետի ավտոկայանատեղի և երիտասարդին կանչել պարզաբանման:
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 19-ամյա երիտասարդի հետ վիճաբանությունը նախապատմություն է ունեցել վիրտուալ տարածքում, այնուհետև 14-ից 17 տարեկան վեց պատանիներ գնացել են նրա աշխատավայրի ավտոկայանատեղի: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 15-ամյա պատանին կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 19-ամյա երիտասարդի ազդրին:
Նույն օրը, ուշ երեկոյան, պատանիները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Նրանք և կազմված փաստաթղթերը և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: