Խմբակային ծեծկռտուք՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին խմբակային վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր:
Մինչ օպերատիվ խումբը կհասներ դեպքի վայր՝ Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը մեկնում է նաև հիվանդանոց, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, իսկ մինչ այդ հայտնել են, որ վնասվածքները ստացել են Տերյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ: