Իտալացի բարձրաստիճան պաշտոնյան հանդես է եկել հայատյաց հայտարարություններով
Արտաքին ՔաղաքականԻտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին հարցազրույց է տվել Formiche լրատվամիջոցին՝ հանդես գալով մի շարք հայատյաց և Ադրբեջանի ագրեսիան արդարեցնող հայտարարություններով։
Իտալիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալն «իսկական խելագարություն» է որակել Եվրախորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի խոսքերը, ով սեպտեմբերին Ադրբեջանի՝ արցախահայության դեմ իրականացրած ագրեսիան անվանել էր ադրբեջանական հարձակում։ Չիրիելին հավելել է, թե իբր «Ադրբեջանը երբեք գործողություններ չի իրականացրել Հայաստանի տարածքի դեմ»։
Հարցազրույցում Չիրիելին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է «պրագմատիկ անձնավորություն», ինչպես նաև արդարացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանումն Արցախից։
Ըստ իտալացի փոխնախարարի՝ «Եվրոպայում միշտ էլ եղել են այնպիսիք, ովքեր հրահրել են հայկական ռեւանշիզմն ու հայկական ազգայնականությունը, Երևանին խճճել նույնիսկ միջազգային իրավունքով չնախատեսված հարցերում»։
Նա նաև զերծ չի մնացել հայկական սփյուռքին վիրավորելուց․
«Կան Հայաստանից դուրս ապրող ազդեցիկ հայկական համայնքներ, որոնք, հավանաբար, իսկապես անտեղյակ լինելով խնդիրներից և ներկա իրավիճակից, խավարի մեջ են, քանի որ արմատական ազգայնական և շովինիստական հայացքներով հայկական սփյուռքի զավակները և ժառանգներն են»,– ադրբեջանական azertag լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է նա: