Մեկնարկել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնի նշանակման քննությունները
Հասարակություն2023 թ. տարեսկզբին Հայաստանի միգրացիոն ծառայության և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիմքով ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ)։
Առաջիկայում կհաստատվի Ծառայության նոր կառուցվածքը՝ քաղաքացիության, անձնագրային, օտարերկրացիների և բնակչության պետական ռեգիստրի ոլորտային ստորաբաժանումներով: Այդ մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից։
Զուգահեռաբար կհաստատվեն նաև Ծառայության նոր հաստիքացուցակն ու անվանացանկը:
Կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ընթացիկ տարվա մայիսից մինչև նոյեմբեր իրականացրել է աշխատակազմի վերապատրաստում՝ երկշաբաթյա դասընթացների և ամփոփիչ թեստային քննության ձևաչափով: Նոյեմբերի 27-ին մեկնարկեց պաշտոնի նշանակման համար քննությունների երկրորդ փուլը՝ հարցազրույցների ձևաչափով:
Հարցազրույցների փուլին մասնակցում են վերապատրաստման առաջին՝ թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցները:
Գնահատող հանձնաժողովների կազմում, ՀՀ փոխվարչապետի N218-Լ որոշմամբ հաստատված կարգի համաձայն, ներգրավված են ՆԳՆ, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և վերապատրաստման առաջին փուլի դասընթացավարներ:
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները, հարցազրույցի և թեստավորման փուլերի արդյունքների հանրագումարի հիման վրա, կնշանակվեն Ծառայության նոր կառուցվածքի համապատասխան պաշտոններում: