Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն
ՔաղաքականԵրևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն առնչվող խնդիրներ է քննարկել բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն Լիոնել Ռապայիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվում են մանկապարտեզներ, պոլիկլինիկաները ևս ընդգրկվել են այդ ծրագրում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր:
Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում նախաձեռնված ու դիտարկվող այն նախագծերը, որոնք լուրջ ազդեցություն կունենան բնակիչների կյանքի որակը բարձրացնելու տեսակետից և կարող են հետաքրքրել բանկին:
Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն Լիոնել Ռապային իր հերթին նշել է, որ Երևանը կարևոր գործընկեր է բանկի համար, և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերը կկրեն շաունակական բնույթ: